Շփման գծում պետք է լինեն պայմանագրային, ոչ թե ժամկետային զինծառայողները. «Մենք»-ը քարոզարշավն սկսել է Տավուշից (տեսանյութ)
«Մենք» դաշինքի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Տավուշի մարզից: Այս պահին դաշինքի անդամները Նոյեմբերյանում են: Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Տավուշից է սկսվում ու շարունակվում Հայաստանը, սահմանամերձ համայնքի խնդիրները պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում:
Արամ Սարգսյանն իրենց ծրագրերը ներկայացնելիս հատկապես կարևոր համարեց առողջության ապահովագրության հարցը, նա ընդգծեց, որ մեքենաների պարտադիր ապահովագրություն, կենսաթոշակային համակարգ ներդնելու փոխարեն առաջինը պիտի պետությունը մտածեր մարդկանց առողջության պարտադիր ապահովագրության մասին:
Արամ Սարգսյանը կարևորեց նաև անվտանգությանը վերաբերող հարցերը: «Ինչպես ապահովել անվտանգությունը, որ ջահելները չզոհվեն, բազմաթիվ անգամ ասել եմ, որ շփման գծին չպիտի կանգնեն ժամկետային զինծառայողները, այլ պայմանագրային, պրոֆեսիոնալ զինծառայողները»,-նշեց նա:
Արամ Սարգսյանն ասաց, որ պայմանագրային զինծառայողների թիվն անհրաժեշտ է ավելացնել 20 հազարով:
Հիշեցնենք, որ «Մենք» դաշինքի նախընտրական համամասնական ցուցակը կազմված է 144 հոգուց. այն գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նրան հաջորդում է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, հաջորդաբար «Հանրապետությունից» Արտակ Զեյնալյանը, Բորիս Նազարյանը։ Վերջինս ՀՀ նախկին գլխավոր դատախազներից է: