Ուկրաինացիներն ուժեղ են հարվածnւմ. Զելենսկին շնորհավորել է Ուսիկին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է բռնցքամարտի աշխարհի նոր բացարձակ չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկին։ Երկրի ղեկավարն իր շնորհավորանքներն է հայտնել Telegram-ի էջում։
«Ուկրաինացիներն ուժեղ են հարվածում: Եվ ի վերջո մեր բոլոր հակառակորդները կպարտվեն: Ալեքսանդր Ուսիկն աշխարհի բացարձակ չեմպիոնն է: Դժվար մարտ, որն ապացուցում է՝ ուկրաինական տոկունությունն ու ուժը ծնում են Ուկրաինայի հաղթանակը: Շնորհավորում եմ, չեմպիո՛ն, շնորհավո՛ր, երկիր», - գրել է նախագահը։
Նախօրեին ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկն Էր Ռիադում (Սաուդյան Արաբիա) ընթացող բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում հաղթել է բրիտանացի Թայսոն Ֆյուրիին:
Նա նվաճել է գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը։ Մրցամարտը տևել է բոլոր 12 ռաունդները։ Մրցավարները հաղթանակը շնորհել են ուկրաինացուն՝ 115:112, 113:114, 114:113:
Այսպիսով, Ուսիկը դարձել է գերծանր քաշային կարգում աշխարհի առաջին անվիճելի չեմպիոնը Լենոքս Լյուիսի (41-2) ժամանակաշրջանից հետո, ինչպես նաև առաջինը չորս գոտիների դարաշրջանում։
Այժմ ուկրաինացի բռնցքամարտիկն ունի վեց գոտի՝ չորս հիմնական՝ WBA (Super), WBC, IBF, WBO, և երկու փոքր՝ IBO և The Ring:
Ֆյուրիի համար սա առաջին պարտությունն էր կարիերայում։ Մինչ այս մենամարտը նա տարել էր 34 հաղթանակ, մեկ մենամարտ իր մասնակցությամբ ավարտվել էր ոչ-ոքի։ 37-ամյա Ուսիկն այժմ 22 մենամարտերում տարել է 22 հաղթանակ։