Երիտասարդ ընտանիքները կօգտվեն հիփոթեքի նոր ծրագրից
Այսօր «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն եւ Արարատբանկը ստորագրել են համագործակցության հուշագիր` «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուների վարկավորումն իրականացնելու վերաբերյալ:
Ինչպես հայտնել են ՀԿ-ում, հուշագիրը ստորագրել են բնակարանաշինական ծրագրերի համակարգող, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանն ու Արարատբանկի գործադիր տնօրեն-վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:
«Ծրագրի շրջանակում Երեւանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի 55/3 հասցեում կառուցվում է ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվել են երիտասարդ բժիշկներին, մանկավարժներին, դասախոսներին, գիտաշխատողներին, ծրագրավորողներին, բանկային համակարգի աշխատողներին եւ այլն»,- ասված է հաղորդագրությունում:
Բնակելի համալիրը բաղկացած է լինելու երեք մասնաշենքերից, ունենալու է 210 բնակարաններ եւ ստորգետնյա ավտոկայանատեղեր:
Շենքի հարակից տարածքը բարեկարգվելու է, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ եւ կանաչապատ հանգստի գոտիներ: Տարածքն ունենալու է ժամանակակից արտաքին լուսավորություն:
Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 6 մլրդ դրամ:
Ծրագրի շահառուների վարկավորումն իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթին մասնակցել են 9 բանկեր, որոնցից հաղթող է ճանաչվել Արարատբանկը:
Հիփոթեքային վարկերը տրամադրվելու են դրամով, մինչեւ 20 տարի մարման ժամկետով եւ տարեկան 7,95% տոկոսադրույքով: Կանխավճարի չափը պետք է կազմի 10-20%, իսկ վարկ տրամադրելու որոշումը կայացվելու է պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն կիրառվելու, հիփոթեքային վարկի տրամադրման վճարներ չկան:
Բացի այդ, մինչեւ կառուցապատման ավարտը կտրամադրվեն դրամային կուտակային ավանդների ծառայություններ` տարեկան 14% տոկոսադրույքով: