Խաղողի զանգվածային մթերումը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին
Խաղողի զանգվածային բերքահավաքի եւ մթերման աշխատանքները Հայաստանում այս տարի կմեկնարկեն սեպտեմբերի 15-ին:
Ինչպես հայտնել են գյուղնախարարության մամուլի ծառայությունից, մթերող կազմակերպությունների հետ ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն:
«Այդուհանդերձ, «Երասխի գինու գործարան»-ը Արարատի մարզի Պարույր Սեւակ, Երասխ, Արմաշ եւ Սուրենավան համայնքներից մթերումներ կսկսի իրականացնել այօրվանից` հաշվի առնելով նշված համայնքներում խաղողի ավելի վաղ հասունացման հանգամանքը»,- ասված է հաղորդագրությունում:
Նախարարությունում տեղեկացրել են, որ «Արմենիա Վայն»-ը շամպայնի արտադրության կազմակերպման նպատակով օգոստոսի 25-ից արդեն իրականացնում է որոշակի քանակությամբ «կանգուն» տեսակի 18%-ից ոչ բարձր շաքարայնությամբ խաղողի մթերման աշխատանքներ` գյուղացիական տնտեսությունների հետ նախապես կնքված պայմանագրերի շրջանակում: