IFC-ն եւ «Այ Էյ Բի»-ն համատեղ սեմինարներ կանցկացնեն ՀՀ բանկերի համար
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) եւ «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիան առաջիկա մեկ տարում սեմինարների շարք կանցկացնեն ՀՀ բանկերի համար՝ ռիսկերի կառավարման եւ ժամկետանց վարկերի թեմայով:
Ինչպես հայտնել են IFC-ում, ծրագրի նպատակն է աջակցել բանկերի ռիսկի կառավարման համակարգերի հզորացմանը՝ շարունակելու ՓՄՁ-ների վարկավորումը դրամի արժեզրկման պայմաններում:
Նախաձեռնությունն իրականացվում է IFC-ի «Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ֆինանսական համակարգերի հզորացում» ծրագրի շրջանակում՝ Շվեյցարիայի տնտեսական հարցերով գլխավոր քարտուղարության (SECO) ֆինանսավորմամբ:
«Տնտեսության համար դժվարին ժամանակաշրջանում ֆինանսական հաստատությունները, որպես կանոն, սահմանափակում են վարկավորումը եւ ուշադրությունը սեւեռում միջին եւ խոշոր ձեռնարկությունների վրա: Արդյունքում վարկային միջոցներն էլ ավելի անհասանելի են դառնում ՓՄՁ-ների համար»,- նշել է IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Յան Վան Բիլսենը:
Նրա խոսքով՝ այս նախաձեռնության նպատակն է օժանդակել հայաստանյան ֆինանսական հաստատություններին՝ հզորացնելու ռիսկերի կառավարման իրենց գործընթացները եւ շարունակելու տնտեսական աճի հիմնական շարժիչ հանդիսացող փոքր ձեռնարկությունների ֆինանսավորումը:
«Աճող անկայունության պայմաններում լրացուցիչ միջոցառումներ են անհրաժեշտ ֆինանսական հատվածի հիմնային զարգացման ու հետագա կայացման աջակցության համար»,- նշել է «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը:
IFC-ում տեղեկացրել են, որ այս ծրագրի շրջանակում նախատեսվում է նաեւ օժանդակել հայաստանյան ֆինանսական հաստատություններին՝ հասկանալու կապիտալի ցուցանիշների մոդելները, ինչը «հատկապես կարեւոր է նվազագույն կապիտալի նորմատիվ պահանջի ավելացման լույսի ներքո»: