Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում որոշակի ակտիիվություն նկատվում է, բայց դա բավարար չէ․ Նարեկ Մինասյան
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանի խոսքով՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում որոշակի ակտիիվություն նկատվում է՝ հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հասցեական հայտարարությունը և սահմանին միջազգային դիտորդների թվի ավելացումը:
Tert.am-ի հետ զրույցում նա նշեց․ «Բայց ասել, թե դրանք հայկական կողմի համար բավարար են, կրկին կընթանան քաղաքական բանակցությունները, և ակնկալենք որևէ առաջընթաց այդ բանակցություններից, բնականաբար պետք չէ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին ՀՀ արտգործնախարար էդուարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ 10 օրից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինեն Երևանում և Ստեփանակերտում:
Նարեկ Մինասյանի խոսքով՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում որևէ առաջընթաց առաջիկայում ակնկալել պետք չէ, քանի որ չկա փոխվստահության մթնոլորտ: «Ադրբեջանը պնդում է, որ փոխվստահության միջոցները կարևոր չեն, դրա փոխարեն կարելի է անմիջապես անցնել քաղաքական կարգավորման և լուծել հակամարտությունը»,- ասաց նա:
Իսկ հայկական կողմի պնդումները, որ հասցեական հայտարարություններ լինեն, փոխվստահության մթնոլորտ ստեղծվի, ըստ Նարեկ Մինասյանի, եռանախագահների համար ընդունելի են, որովհետև հասկանալի է, որ դրանք ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանին սաստող փորձեր են: «Բայց արդյո՞ք այդ փորձերը բավարար են և արդյո՞ք բավարար է հնչեցնել, թե Ադրբեջանն է առաջին խախտել հրադադարի ռեժիմը․ ո՛չ, իհարկե, փորձը ցույց է տալիս, որ բավարար չեն, որովհետև տեսնում ենք, որ վերջին օրերին ևս սահմանում լարվածություն կա»,- նշեց նա:
Հետևաբար, ըստ նրա, ասել, թե հայկական կողմը գոնե բավարարված է ընթացիկ փոփոխություններով, չի կարելի: Նարեկ Մինասյանի խոսքով՝ հայկական կողմին չպետք է բավարարի անգամ ԵԱՀԿ դիտորդական գրասենյակի ընդլայնումը ՝ միջազգային դիտորդների թվի ավելացումը: «4 հոգի էր, ավելանում է 3 հոգի: Եթե պատկերացնենք ղարաբաղաադրբեջանական սահմանային գիծը, կտեսնենք, որ յոթ հոգին բավարար չեն: Դետևս հայտնի չէ, թե որտեղ են նրանք տեղակայված լինելու, անհամաձայնություն կա դրա շուրջ: Եթե հաշվի առնենք, որ նման փոքր հարցը կարգավորվում է ապրիլյան պատերազմից մեկ տարի հետո, ձեռբերում համարել այն չենք կարող: Հայկական կողմը դրանից չի կարող գոհ լինել»,- ասաց նա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, վերլուծաբանը, այնուամենայնիվ շատ դրական համարեց, նշելով, որ ընթացիկ այցերը, պայմանավորվածությունները, նոր առաջարկներով հանդես գալը օգնում է բանակցային գործընթացին: Այս անգամ և ընդհանրապես, ըստ Նարեկ Մինասյանի, հայկական կողմը միջազգային հանրությանը պետք է ցույց տա, որ փոխվստահության միջավայրի ապահովման համար ընթացող քայլերը բավարար չեն, հետևաբար անհրաժեշտ է ավելի հստակ քաղաքականություն, նաև ճնշում հրադադարի ռեժիմը խախտող կողմի վրա:
«Այդ հասցեական հայտարարությունները պետք է դարձնեն ավանդույթ: Թող հստակ մատնանշվեն հրադադարի ռեժիմը խախտողները: Բայցի այդ՝ պետք է ընդլայնել հայկական կողմի առաջարկների շրջանակը»,- ասաց նա՝ նշելով, որ կան նաև մի շարք պահանջներ, որոնք գոյություն ունեն վաղուց և մինչ այժմ ակտուալ են, դեռևս չեն լուծվել: Դրանց իրականացման ուղղությամբ, հայկական կողմն, ըստ վերլուծաբանի, պետք է շարունակի աշխատել:
Նարեկ Մինասյանը բանակցություններին չմասնակցելու բոյկոտի ձևը և այդպես միջազգային հանրության և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելը ճիշտ չհամարեց: Նա նշեց, որ չնայած բանակցություններին չմասնակցելը կոշտ դիրքորոշման ցուցադրում կլինի, սակայն դժվար է կանխատեսել, թե ինչ խնդիրներ կառաջացնի: «Բանակցությունները գերադասելի են պատերազմից: Հետևաբար որևէ երաշխիք, որ բանակցությունը բոյկոտելուց հետո որոշակի հանգստություն կգա, չկա: Դրա համար պետք է պատրաստենք ռեալ օրակարգ և համանախագահների հետ ռեալ հարցեր քննարկենք: Թեկուզ մանևրելով՝ պետք է գտնենք այն հարմար պահը անուղղակիորեն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար»,- ասաց նա: