Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողի առևանգումը կազմակերպվել է ադրբեջանցի գործարարի պատվերով. Գիվի Թարգամաձե
Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը` Գիվի Թարգամաձեն պնդում է, որ Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլըիի առևանգումը կազմակերպել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի բարեկամը:
Ինչպես տեղեկացնում է Грузия Online-ը, Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ Թարգամաձեն հայտարարել է, որ լրագրողի առևանգումը ազդեցիկ ադրբեջանցի գործարար է պատվիրել, որի բիզնես-գործընկերն է Ուչա Մամացաշվիլին` Իվանիշվիլիի զարմիկը:
Թարգամաձեի խոսքով` ադրբեջանցի գործարարն այդպիսով ցանկացել է նվեր անել իր ղեկավարությանը` նրանց ձեռքը հանձնելով ընդդիմադիր լրագրողին:
Թարգամաձեն վստահ է, որ հենց այդ պատճառով է մայիսի 29-ին առևանգվել ադրբեջանցին, որին վրաց հատուկ ծառայության աշխատակիցները փոխանցել են Ադրբեջանին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսն իր մտահոգությունն է հայտնել Վրաստանում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող և ակտիվիստ Աֆղան Մուխթարլըի առևանգման առնչությամբ:
Հիշեցնենք, որ Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանն ընդդիմադիր լրագրողին երեք ամսով կալանավորելու որոշում է կայացրել: