ԻՊ-ի գրոհայինները պղծել և ավերել են Մոսուլի հայկական եկեղեցին (լուսանկար)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պղծել և ավերել են Մոսուլի հայկական եկեղեցին, վնասել քրիստոնեական սրբապատկերներն ու նշանները:
Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն` նշելով, որ թաղամասը, որտեղ գտնվում է հայկական եկեղեցին, վերջերս ազատագրվել էր իրաքյան բանակի կողմից:
Պարբերականի տարածած լուսանկարում երևում է հայկական եկեղեցու քանդված գմբեթը։
Նախքան ԻՊ-ի վերելքը, Իրաքում շուրջ 15 000 հայ է բնակվել, հիմնականում` Բաղդադ, Բասրա, Քիրքուք և Մոսուլ քաղաքներում:
Երբ ԻՊ-ի գրոհայինները 2014-ի հունիսին վերահսկողություն հաստատեցին Մոսուլում, շուրջ 60 հայ ընտանիք և այլ քրիստոնյաներ գաղթեցին դեպի Քուրդիստանի նահանգներ: Առկա տվյալների համաձայն` ներկայում ոչ մի հայ ընտանիք չի բնակվում Մոսուլում:
Ասորական միջազգային լրատվական գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ որոշ քրիստոնյա ընտանիքներ վերադառնում են իրենց տները, որոնք ազատագրվել են ԻՊ-ից: Նշվում էր, որ առնվազն 3 հայ ընտանիք է վերադարձել արևելյան Մոսուլ: