Թրամփի դեմ բողոքող մեքսիկացիները կենդանի պատ են կազմել ԱՄՆ-ի հետ սահմանին (տեսանյութ)
Հազարավոր մարդիկ կենդանի պատ են ձևավորել Միացյալ Նահանգներին սահմանակից մեքսիկական Սիուդադ - Խուարես քաղաքի մոտ՝ ընդդեմ ԱՄՆ վարչակազմի՝ երկու երկրների միջև պատ շարելու ծրագրի, հայտնում է Lenta.ru-ն:
Սահմանամերձ Էլ Պունտո շրջանում հավաքվել են քաղաքական և հասարակական գործիչներ, պետական պաշտոնյաներ, շարքային քաղաքացիներ: Միջոցառումը գլխավորել է Չիուաուայի նահանգապետ Խավիեր Կորալը:
Կորալը խոսել է Մեքսիկայի և ԱՄՆ-ի ժողովուրդների բարեկամության մասին: Ըստ նրա՝ ամերիկացիների մեծ մասը չեն կիսում Թրամփի տեսակետները, քանի որ նրա քաղաքականությունը «հակասում է ամերիկյան հասարակության արժեքներին»:
«Մարդկային պատը շատ ավելի ամուր է, քան քարից ու ցեմենտից կազմված պատը»,- իր հերթին ավելացրել է սենատոր Արմանդո Ռիոս Պիտերը:
Հունվարի 25-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել պետական սահմանների պաշտպանության վերաբերյալ, որը Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցում է նախատեսում: ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ, ի վերջո, պատի համար պետք է վճարի Մեքսիկան, ինչն առաջացրել է պաշտոնական Մեխիկոյի զայրույթը: