Ստրասբուրգում ԵԽ-ին ՀՀ անդամակցության 16-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում է անցկացվել
Հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության և ՀՀ Սահմանադրական դատարանի համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 16-ամյակին, որի ընթացքում կայացավ «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերն ու ժամանակի մարտահրավերները» գրքի շնորհանդեսը:
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։
Միջոցառման բացմանը ելույթներով հանդես են եկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, վերոնշյալ աշխատության հեղինակ Գագիկ Հարությունյանը, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը:
ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը խորհրդանշական է համարել, որ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 16-ամյակը նշանավորվում է ՀՀ սահմանադրական լայնածավալ բարեփոխումներով, որոնք կոչված են Հայաստանում ավելի ամրապնդելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը։
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ներկայացնելով իր հեղինակած «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերն ու ժամանակի մարտահրավերները» աշխատությունը՝ համոզմունք է հայտնել, որ այն կարող է օգտակար ուսումնասիրություն հանդիսանալ ցանկացած պետության սահմանադրական արժեհամակարգում հիմնարար ազատությունների լիարժեք երաշխավորմանն ուղղված աշխատանքներում։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն իր ելույթում հիշատակել է, որ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցությունից ի վեր` ՀՀ իշխանություններն առաջնորդվում են ԵԽ արժեքները պետական հասարակական կառույցներում և ազգային օրենսդրությունում ներդնելու և դրանք հետևողականորեն ամրապնդելու հաստատակամությամբ: Այնուհետև, նա ավելացրել է, որ Եվրոպայի խորհուրդն աջակցում է կայուն և բարեկեցության ուղով առաջ շարժվող Հայաստանին և բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը, որը վկայում է ԵԽ-ի հետ դինամիկ երկխոսության նկատմամբ ՀՀ իշխանությունների վճռական հանձնառության մասին:
Գլխավոր քարտուղար Յագլանդն անդրադարձել է նաև եվրոպական չափորոշիչներին առավել համապատախանեցնելու նպատակով Հայաստանում ընթացող օրենսդրական նշանակալի բարեփոխումներին` գոհունակությամբ փաստելով, որ դրանք իրականանում են ԵԽ մասնագիտական մարմիններից մեկի` Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ:
Գլխավոր քարտուղարը նաև կարևորել է ՀՀ քաղաքական ուժերի հետ փոխզիջման ճանապարհով ՀՀ ընտրական նոր օրենսգրքի ընդունումը, ինչպես նաև ներկայիս օրենսդրական բարեփոխումներում քաղաքացիական հասարակության գործուն ներգրավվածությունը: