Թրամփի հաղթանակից հետո ռուս-ամերիկյան հարաբերությունների հնարավոր լավացումից Հայաստանը չի շահի․ Ռ․ Կիրակոսյան
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը համաձայն չէ հայ այն փորձագետների հետ, որոնց կարծիքով՝ Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, եթե ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լավանան, ապա դրանից կշահի Հայաստանը:
Tert.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այո, գուցե ենթադրելի լինի, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների բարելավումն ավելի դրական կլինի Հայաստանի համար, բայց դա միայն առաջին հայացքից է:
«Ո՛չ, Հայաստանը, որպես փոքր երկիր, կարիք ունի լրացուցիչ հավասարակշռության: Եթե մենք կորցնենք Արևմուտքի և ԱՄՆ-ի հետաքրքրությունը մեր նկատմամբ, ոչ մի բան չի կանգնեցնի Ռուսաստանին անելու նույնիսկ ավելին, քան անում էր․ բարելավվել Ադրբեջանի հետ հարաբերությունները, վաճառել Ադրբեջանին ավելի շատ զենք, և Հայաստանին վտանգի ենթարկել: Մենք էլ մնանք առանց այլընտրանքի»,- ասաց նա:
Քաղաքագետի բնորոշմամբ՝ մենք մրցույթի կամ հակամարտության հաղթող չենք Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: «Սա նույնը չէ, ինչ երկու դերասաններ բեմի վրա, ովքեր բեմում իրենց հարաբերություններն են լավացնում: Բայց ԱՄՆ-ն տալիս է բեմը Ռուսաստանին․ վախից հեռանում է և մատուցում տարածաշրջանը Ռուսաստանին»,- նկատեց նա՝ հավելելով, որ դրանց հիման վրա․ համաձայն չէ, որ Հայաստանը Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների լավացումից կշահի:
Նա հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հարցում կարևորեց լոբբինգի դերը՝ դրա ուժն ու հնարավորությունը ղեկավարելու Կոնգրեսում: «Լոբբիստները կկարողանան հավասարակշռել կամ զսպել Թրամփի կողմից որևէ սխալ շարժ Ղարաբաղի կամ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հարցերում»,- նշեց նա:
Անդրադառնալով Դոնալդ Թրամփի անկանխատեսելի քաղաքականությանը՝ Ռիչարդ Կիրակոսյանը նշեց․ «Դուք կզարմանաք, երբ ապրիլի 24-ին Դոնալդ Թրամփը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Տեսեք, թե ինչպես է լինում․նա առավոտյան արթնանում է և ասում՝ ինչո՞ւ ոչ: Բայց դա այդքան էլ լավ չէ Հայաստանի համար»:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ մենք չափազանց շատ ենք կենտրոնանում Թրամփի վրա։ Նա նաև նկատեց, որ Թրամփին նախևառաջ «կփորձի» Պուտինի ապարատը: «Ամերիկայի համար սա լավ հեռանկար չէ: Սա վտանգավոր է»,- ասաց նա:
Ամփոփելով թեման՝ նա իր մտավախությունը հայտնեց․ «Ես չգիտեմ, թե ինչ են ասում հայ փորձագետները ընտրություններից հետո հայ-ամերիկյան հարաբերությունների մասին, բայց համոզված լինե՞մ, որ հիմա հայ կառավարությունը նիստերի ժամանակ քննարկում և վերլուծում է, թե ինչ է կատարվում, ինչ հնարավորություններ և մարտահրավերներ կան: Ո՛չ, իհարկե»: