Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմադիր թեկնածուն. էքզիթ փոլ
Բուլղարիայի ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ռումեն Ռադևը մոտ է նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակ տանելուն` ձայների 24-26 տոկոսով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` մեջբերելով «Գելափ ինթերնեյշնլի» անցկացրած «էքզիթ փոլի» արդյունքները:
Հաղորդվում է, որ օդուժի նախկին հրամանատար, 53-ամյա Ռադևը նոյեմբերի 13-ին կայանալիք երկրորդ փուլում երկրի բարձրագույն կառավարական պաշտոնի համար կպայքարի «Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքացիներ» կուսակցության թեկնածու Ցեցկա Ցաչևայի հետ: Առաջին փուլում Ցաչևան 22-23 տոկոս ձայն է ստացել:
Հիշեցնենք, որ Բուլղարիայում նախագահական ընտրությունները մեկնարկել են կիրակի առավոտյան: Երկրում ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 6,8 մլն քաղաքացի, առաջին անգամ մասնակցությունն ընտրություններին պարտադիր բնույթ է կրում: