2017թ. բյուջեի առանձնահատկությունն այն է, որ տնտեսական գործընթացներն իրականացվելու են նոր իրավիճակում. Միքայել Մելքումյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանն այսօր Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Կառավարության ներկայացրած 2017 թվականի բյուջեի նախագծին:
«Այս բյուջեի առանձնահատկությունն այն է, որ նոր իրավիճակում են տնտեսական գործընթացներն իրականացվելու, այսինքն՝ տրանսֆերտները քչացել են, որոշակի արտաքին մարտահրավերներ կան: Մյուս կողմից՝ Կառավարությունն իր ծրագրում որոշակի նպատակներ է դրել և փորձ է կատարում հասարակական հնչեղություն ունեցող շատ հարցեր լուծել, մասնավորապես՝ կապված մենաշնորհների դեմ պայքարի, մրցակցության որակի բարելավման, կոռուպցիայի դեմ պայքարի, արագաչափերի, կարմիր գծերի հետ»,-ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկվում են, և կյանքը ցույց կտա, թե ինչպիսի ազդեցություն կունենան դրանք:
Ըստ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորի՝ այս նախագծով թեև բյուջետային ցուցանիշները համեմատաբար ավելի ցածր են ծախսային մասով, քան նախորդ տարի, սակայն դա հիմնավորված է: «Գյուղատնտեսության ոլորտում ավելի շատ սուբսիդավորում չի լինելու, թոշակ, աշխատավարձ չի բարձրացվելու, սակայն Կառավարությունը ցանկանում է դա փոխհատուցել գազի, էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցմամբ: Որպես ֆինանսական փաստաթուղթ՝ բյուջեն ստանդարտ փաստաթուղթ է»,-ասաց նա:
Անդրադառնալով բյուջեում նախատեսված ՀՆԱ-ի 3.2 տոկոս աճին, Միքայել Մելքումյանն ասաց, որ այն շատ քիչ է: «Փոքր երկրներում 3 տոկոսանոց աճը շատ փոքր ազդեցություն է ունենում, Հայաստանին պետք է 6 կամ 7 տոկոսանոց աճ, որ զգալի լինի»,- ասաց նա։
Տնտեսագետը կարծում է, որ բոլոր միջոցառումները կարող են արդյունք տալ, եթե լինի հանրային ընկալում և հանրային համախմբում ՝խնդիրների լուծման շրջանակում, սակայն պարտադիր չէ, որ բոլոր քայլերը հիմա արվեն:
«Եթե հասարակությունը փոփոխությունը իր մաշկի վրա չզգաց և տեսավ, որ դրանք միայն հայտարարություններ են, իսկ սայլը տեղից չի շարժվում, նորից կունենանք այն, ինչ ունեինք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է պետական ապարատի օպտիմալացումից և կրճատումներից հետո գործազրկության աճին և նույն այդ մարդկանց՝ պետության համար բեռ դառնալուն, Միքայել Մելքումյանի խոսքով, եթե այդ կրճատումները տանում են նրան, որ գործառույթները կրճատվեն, դա նորմալ չէ, սակայն երբ մարդիկ որևէ գործառույթ չեն իրականացնում՝ դա այլ հարց է:
«Ես դեմ չեմ օպտիմալացմանը, սակայն ողջամտության սահմաններում պետք է այն հիմնավորել»,- ասաց տնտեսագետը:
Անդրադառնալով ներդրումներին՝ պատգամավորը նշեց. «Հասկանալի է, որ Հայաստանում դրական միջավայր չկա ներդրումների համար, և հիմա քայլեր ձեռնարկվում են: Ամենամեծ մտավախությունս այն է, որ հանկարծ դրական բնույթի միջոցառումներն անեն, անեն և վերջում պարզվի, որ դա էլ օգուտ չի տալիս։ Ամենամեծ ռիսկը դա է»,- ասաց Մելքումյանը: