ԻՊ-ի 5 հրամանատար փախել է Մոսուլից՝ տանելով գրոհայիններին վճարելու համար նախատեսված միլիոնավոր դոլարներ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 5 բարձրաստիճան անդամ փախել է Իրաքի Մոսուլ քաղաքից՝ իր հետ վերցնելով մի քանի միլիոն դոլար, որոնք նախատեսված են եղել խմբավորման գրոհայիններին վճարելու համար. այս մասին հայտնում է իրաքյան Al Sumaria հեռուստաալիքը:
Նշվում է, որ փախուստ կատարած 5 հրամանատարներից մեկը եղել է Աբու ալ Բարա ալ Քահթանի անունով հայտնի հրամանատարը, որը պատասխանատու է եղել ԻՊ-ի դրամական միջոցների պահուստների համար:
ԻՊ-ի հրամանատարությունն արդեն զբաղվում է անհետացած բարձրաստիճան անդամների որոնման աշխատանքներով. նրանք, ամենայն հավանականությամբ, անցել են Սիրիա:
Իրաքյան Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել է հոկտեմբերի 17-ին, իրաքյան բանակին ու քրդական զորամիավորումներին աջակցում է նաև ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան։ Նշվում է, որ ահաբեկիչները մեծ կորուստներ են կրում։
Հիշեցնենք, որ Իրաքի 2-րդ խոշորագույն քաղաքը համարվող Մոսուլն ԻՊ-ի կողմից գրավվել է 2014թ.: Ըստ տարբեր տվյալների՝ այնտեղ կարող է գտնվել 3.000-4.500 գրոհային: