Թե ինչու ԻՊ-ի կատարած ահաբեկչությունը Դիարբեքիրի նահանգապետը հայտարարեց որպես քուրդ զինյալների հարձակում. թուրքական կայքի անդրադարձը
Թուրքական vanaktuel.com կայքն անդրադարձել է Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում նոյեմբերի 4-ին տեղի ունեցած ահաբեկչությանը և նշել, որ Թուրքիայի իշխանությունները ցանկացել են «Իսլամական պետություն» խմբավորման կողմից իրականացված հարձակումը վերագրել քուրդ զինյալներին՝ քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամաբորների և երկու համանախագահների ձերբակալությոններն արդարացնելու և բնակչության ուշադրությունը շեղելու համար:
Հոդվածում նշվում է, որ սա, թերևս, առաջին դեպքն էր, երբ ԻՊ-ը պաշտոնապես ստանձնեց Թուրքիայում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը: Մինչդեռ ահաբեկչության օրը՝ պայթյունից ժամեր անց, Դիարբեքիրի նահանգապետ Հուսեյն Աքսոյը շտապել էր հայտարարել, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորումը:
Կայքը, մասնավորապես, շեշտել է, թե «Իշխանությունները նույնիսկ թույլ չեն տալիս, որպեսզի ԻՊ-ը վայելի իր հաջողված հարձակումը»:
Ավելին՝ նոր մանրամասներ են ներկայացվել այն մասին, որ ԻՊ-ի հարձակումն ուղղված է եղել հենց Ժողովրդադեմոկրատական կուսակցության ձերբակալված անդամների դեմ, որոնք այդ պահին գտնվել են ոստիկանական շտաբում, որի մոտակայքում իրականացվել էր պայթյունը:
«Կուսակցության համանախագահ Դեմիրթաշը պայթյունից րոպեներ առաջ էր դուրս բերվել շենքից, կյանքը մազից էր կախված», - գրում է կայքը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ի առավոտյան Դիարբեքիր քաղաքի Բաղլար թաղամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել, ահաբեկչությունն իրականացվել է պայթուցիկներով լի մեքենայի պայթեցման միջոցով:
Նշենք, որ նույն օրը Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 13 անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:
Այժմ մի շարք պատգամավորների անձեռնմխելիության մասին օրենքը, որն ամրագրված էր Սահմանադրության 83-րդ հոդվածով և արգելում էր պատգամավորներին «կալանավորել, հարցաքննել, դատապարտել առանց խորհրդարանի թույլտվության», համարվում է անվավեր:
2015 թվականի դեկտեմբերին այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն քննադատել էր ԺԴԿ-ի քաղաքականությունը և նրա անդամներին մեղադրել ՔԱԿ-ի հետ կապերի համար։
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։