Գազի գնի իջեցմամբ ժողովրդի գրպանի փողը կավելանա և այն կծախսվի տնտեսության մեջ. Գագիկ Մակարյան
Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ գազի սակագնի նվազեցման հարցին: «Ես շատ դրական եմ համարում գազի գնի իջեցումը մի քանի առումով. նախ՝ հոգեբանական առումով, քանի որ «Գազպրոմ Արմենիա» կառույցի հանդեպ մարդիկ բավական բացասական տրամադրվածություն ունեին, և, բացի դրանից, տնտեսական, ընկերությունների մրցունակության առումով է սա լավ»,- Գագիկ Մակարյանը:
Գործատուների հանրապետական միության նախագահը նկատեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գազի գնի իջեցումը հիմնականում երկու ուղղությամբ է կատարվելու՝ ոլորտային և ջերմոցների նշանակության արտադրանքի համար, ապա, կարծում է, որ ջերմոցային արտադրանքի գնի նվազում, մասնավորապես, կարելի է սպասել գարնանը։
Անդրադառնալով պահածոների գնի վրա գազի նվազեցման հնարավոր ազդեցությանը՝ Գագիկ Մակարյանն ասաց, որ այս պահին վաճառվող 2016 թվականի արտադրանքն արդեն թողարկած է թանկ գներով, իսկ ահա 2017 թվականը վերամշակողների համար պետք է էական տարի լինի՝ հատկապես արտահանման առումով, քանի որ կմեծանա ընկերությունների մրցունակությունը:
«Ինչ վերաբերում է քաղաքացիներին, ապա քանի որ հիմնականում ավելի աղքատ ընտանիքների համար էական կլինի նվազումը, դա կբարձրացնի իրենց կենսամակարդակը, կխթանի գնումների աճը, ինչը նկատելի կլինի, քանի որ այս անգամ գնի նվազեցումը բավականին զգալի չափով է կատարվում»,-ասաց նա և նշեց, որ ինքը միշտ այն կարծիքին է եղել, որ «Գազպրոմ Արմենիան» տեղ ուներ էժանացման և դեռ էլի տեղ կա, քանի որ գազը կրկնապատիկ բարձր է վաճառվում մինչ այժմ։
Գագիկ Մակարյանը մտահոգող հարցն այն համարեց, որ հայտնի չէ, թե այս գործընթացն ինչ երկարատևություն կունենա: Նա նշեց, որ երբ գազն էժանանում է, հոսանքի գնի որոշակի էժանացում ևս պետք է տեղի կունենա, ըստ այդմ՝ ողջ տնտեսության վրա սա պետք է անդրադառնա։
Գործատուների հանրապետական միության նախագահի խոսքով, քանի որ կառավարության ծրագրով միջոցառումներ են նախատեսված՝ ուղղված օրենսդրական բարեփոխումների, կոռուպցիայի, ստվերի դեմ պայքարին, հավասար պայմաններ ստեղծելուն, ապա կարելի է սպասել, որ առաջիկայում շուկան կկարգավորվի:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք վերահսկողություն պետք չէ՞ գազի մեծ սպառում ունեցող ընկերությունների արտադրանքի գնի նվազեցման առումով, Գագիկ Մակարյանը պատասխանեց, որ որևէ հանձնաժողովի կամ պետական մարմնի համար դժվար կլինի նման վերահսկողություն իրականացնել:
«Մի կողմից ժողովրդի գրպանի փողը կավելանա գազի հոսանքի էժանացմամբ, մյուս կողմից՝ այդ ավել փողը կծախսվի տնտեսության մեջ: Տնտեսվարողները ևս կարող են ապրանքներն էժանացնել, բայց սպառման աճին զուգընթաց կարող է գինը մի քիչ բարձր պահեն, որ սպառման մեծ ծավալի շնորհիվ ավելի մեծ եկամուտ ունենան, որովհետև շատ թուլացած ընկերություններ են, և մի մասը կփորձի իր վիճակը լավացնել, հետո նոր կգնա ավելի էժանացման: Կարծում եմ՝ շուկան շատ արագ ամեն բան իր տեղը կբերի և ընկերությունները կենթարկվեն շուկայի թելադրանքին»,- ասաց Գործատուների հանրապետական միության նախագահը՝ նկատելով, որ, մասնավորապես, սննդամթերքի ոլորտում խոշոր արտադրողներ չկան և այս շուկան շատ խայտաբղետ է: