Եթե ԼՂ խնդրի բանակցությունների ժամանակ համաձայնություն ձեռք չբերվի, Ադրբեջանը ռազմական գործողություններ կսկսի. Մարկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լուծման փոխզիջումային տարբերակ է առաջարկում, որի արդյունքում կողմերից որևէ մեկն իրեն պարտվող, ստորացված, նվաստ պիտի չզգա: Tert.am-ի հետ զրույցում ասաց Պետդումայի նախկին պատգամավոր, ՌԴ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ, քաղաքագետ-տնտեսագետ Սերգեյ Մարկովը: Նա նշեց, որ Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի արված հայտարարությունը վկայեց բանակցությունների անհաջողության մասին, որովհետև Հայաստանի ղեկավարն ասաց, որ ինքը շարունակում է պնդել հետաքննական մեխանիզմների տեղադրումը, որին Ադրբեջանը դեմ է:
- Ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը: Այն հստակեցում մտցրե՞ց հիմնահարցի կարգավորման գործում:
- Դժվար է գնահատել հանդիպումը, երբ բանակցությունները խիստ փակ ձևաչափով են ընթանում ու հայտարարություններ չեն եղել: Արդյունքում իրավիճակն անորոշ է: Անգամ բանակցությունների ավարտից հետո, երբ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը հանդես եկան բրիֆինգով, համաձայնեցված միասնական հայտարարություն չարվեց:
- Ամեն դեպքում, եթե իրավիճակը գնահատենք հրապարակային առանձին հայտարարություններով, ի՞նչ կարելի է եզրակացնել:
- Վլադիմիր Պուտինը կրկնեց այն, ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված ամեն անգամ ասում է, որ հարկավոր է հիմնահարցի լուծման փոխզիջումային տարբերակ, որպեսզի կողմերից և որևէ մեկն իրեն պարտվող, ստորացված, նվաստ չզգա, որ կողմերի շահերն արծարծվեն ընդունելի տարբերակում:
Իսկ Սերժ Սարգսյանն իր հայտարարության մեջ չէր կենտրոնացել հիմնահարցի կարգավորման ձևաչափի կամ տարբերակի վրա: Նա խոսել էր այն մասին, որ կարևոր է ընդունելի տարբերակին հասնելու ճանապարհը՝ նկատի ունենալով ղարաբաղաադրբեջանական շփման գծում հետաքննական մեխանիզմների տեղադրումը, լարվածության սրացումը: Կարծում եմ, որ սա վկայում է այն մասին, որ բանակցությունները, ըստ էության, հաջողություն չեն գրանցել: Քանի որ հայտնի է, որ Ադրբեջանը հետաքննական մեխանիզմների տեղադրմանը դեմ է:
- Ձեր կարծիքով, կոմպրոմիսային տարբերակը, որի մասին խոսում է Պուտինը, գոյություն ունի՞:
- Գիտեք, դժվար է ասել: Վստահության մեխանիզմների ստեղծումը, դրա շուրջ աշխատանքները Ադրբեջանի կողմից ներկայացվում են ոչ թե որպես ատրիբուտներ, այլ՝ բանակցությունների ժամանակ գրանցված ձեռքբերումներ: Ադրբեջանը բանակցային գործընթացը ձգձգելու նպատակ ունի, որպեսզի այս ընթացքում հզորացնի իր բանակը, ռազմական ճնշումը: Եթե բանակցությունների ժամանակ համաձայնություն ձեռք չբերվի, Ադրբեջանը իրավունք կունենա ռազմական գործողություններ սկսել: Ամեն դեպքում, այդպես են մտածում ադրբեջանական իշխանությունները: Իսկ ես քիչ հավանական եմ համարում համաձայնության գալու տարբերակը: Դժվար թե Սերժ Սարգսյանի առաջարկները՝ հետաքննական մեխանիզմների տեղադրման, կրակի բացառման, առհասարակ՝ վստահության մեխանիզմների մշակման աշխատանքներն իրականություն դառնան: Սերժ Սարգսյանն ուզում է խաղաղություն հաստատել, հետո՝ պայմանավորվածություն ձեռք բերել, իսկ Ադրբեջանը դրանից վախենում է:
- Պարոն Մարկով, ռուսական մամուլում հատկապես շատ է խոսվում այն մասին, որ հիմնահարցի կարգավորման տարբերակը, որը, ինչպես ասում են, «Լավրովյան փաստաթղթում» ևս ամրագրված է, Ադրբեջանին տարածքներ հանձնելն է: Ձեր կարծիքով օրակարգում կա՞ այս հարցը:
- Տարածքների հանձմամբ հարցի կարգավորումը «Կազանյան փաստաթղթի» էությունն է: Հայաստանին առաջարկվում է Ադրբեջանին վերադարձնել ԼՂ հարակից շրջանները, որի դիմաց Ադրբեջանը կբացի սահմանները, կապահովի այդ շրջանների անվտանգությունը, կլինի՝ ապաշրջափակում: Ավելին, կարծում եմ, որ այդ դեպքում կբացվի նաև հայ-թուրքական սահմանը: Վիճելի առարկան, սակայն, ոչ թե տարածքներ վերադարձնելն է, այլ տեխնիկական համաձայնությունը: Օրինակ, Հայաստանը Ադրբեջանին կտա Լաչինի մե՞կ միջանցք, թե՞ երկու, 6.5 շրջա՞ն, թե՞ 5 շրջան ու մեկ միջանցք: Հիմա, սակայն, իմ տպավորությամբ, Հայաստանը հետ է կանգնել այս տարբերակից: 2011 թ.-ին նման պայմանավորվածություն կար, բայց քառօրյա պատերազմից հետո փոփոխություններ եղան ու Սերժ Սարգսյանն ականջալուր եղավ ազգայնական տրամադրություններին: