Թուրքիայում մի շարք խոշոր գործարարներ են ձերբակալվել` Ֆեթհուլահ Գյուլենի հետ կապ ունենալու կասկածանքով
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է մի շարք խոշոր գործարարների, որոնք կասկածվում են ընդդիմադիր գործիչ Ֆեթհուլահ Գյուլենի հետ կապեր ունենալու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար, գրում է Hurriet թերթը:
Պարբերականի տվյալների համաձայն, իրավապահները խուզարկել են տասնյակ գրասենյակներ, որոնք կապված են Akfa հոլդինգի և A101 սուպերմարկետների ցանցի հետ: Հաղորդվում է, որ ձերբակալվածների թվում է Akfa ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ֆաթիհ Աքթաշը և նրա կինը` Յելըզը: Ձերբակալվել է նաև A101 ցանցի սեփականատեր Թուրգութ Այդընը:
Ընդհանուր գործողության շրջանակում ձերբակալվել է 120 մարդ, որոնցից 50-ն արդեն կալանքի տակ են:
Հիշեցնենք, որ Գյուլենը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է երկրում հեղաշրջման փորձը կազմակերպելու համար: Երկիրը պահանջում է նրա արտահանձնումը ԱՄՆ-ից: