Դպրոցական պարագաների դեպքում գնաճն այնքան էլ բարձր չէ. Արմեն Պողոսյան
Այս տարի ուսումնական տարուն ընդառաջ, գրենական պիտույքների, դպրոցական պարագաների գնաճն այդքան էլ բարձր չէ՝ մոտավորապես 5 տոկոս. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:
«50 000 դրամին մոտ է, որ ընտանիքը պետք է ծախսի երեխայի համար ուսումնական տարուն նախապատրաստելիս, կա շերտ նաև, որի ծախսը հասնում է 200 000 դրամի: Գնաճն այնքան չնչին է, որ չենք նկատում: Սակայն պետք է նշել, որ նվազ եկամուտ ունեցող ընտանիքներից շատերը չեն կարող տեղավորվել անգամ 50 000-ի մեջ»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Նա պատմեց, որ իրենց դիմել էր քաղաքացի, որն իր երեխաների համար գնել էր երկու պայուսակ, վճարել 7000 դրամ, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 1-ին, երբ երեխան պետք է նշեր գիտելիքի օրը, պայուսակը պատռվել է:
«Մենք այդ հարցը լուծեցինք: Բայց նշանակում է՝ պետությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերում երեխաների նկատմամբ»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Նա նաև զգուշացրեց, որ որքան մոտենում են դպրոցական օրերը, այնքան դպրոցական պարագաների գինը բարձրանում է: Խորհուրդ տվեց, որ ծնողներն իրենց երեխաների համար նախապես գնումներ կատարեն:
«Հայաստանի սպառողների ասոցիացիա» հ/կ-ի նախագահը նաև նկատեց, որ տոնավաճառներում վաճառվող դպրոցական հագուստն ու այլ պարագաներն ավելի մատչելի են, սակայն պակաս վստահելի, քան «մոլերում» վաճառվողները. այնտեղ բրենդային ապրանքատեսակ է՝ ավելի թանկ և առավել վստահելի: