Գյուլենականներին աջակցություն ցուցաբերելու կասկածանքով թուրքական 44 ընկերությունում խուզարկումներ են կատարվել
Թուրքիայում ռազմական հեղաշրջման կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի աջակիցներին նյութական աջակցություն ցուցաբերելու կասկածանքով այսօր առավոտյան խուզարկումներ են կատարվել թուրքական 44 ընկերություններում, որոնք մեծամասամբ գտնվում են Ստամբուլի Սկյուտար և Ումրանիյե թաղամասերում, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Արդյունքում ձերբակալվել է այդ ընկերությունների 126 աշխատակից, որոնց թվում նաև ընկերությունների տնօրենները: Ոստիկանները գործողություն են իրականացրել նաև Բեյքոզ թաղամասում գտնվող շքեղ մի առանձնատանը և AKFA հոլդինգի՝ Ումրանիյե թաղամասում գտնվող շենքում:
Գործողությունների ընթացքում ձերբակալվածների առողջական վիճակը ստուգելուց հետո նրանց տարել են ոստիկանական բաժանմունքներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, որի հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: