Սա այլանդակություն է, այլ բան չեմ կարող ասել. գեներալ-մայոր Կառլոս Ղազարյանը զինված խմբի գործողությունների մասին
Ստեղծված իրավիճակում ամեն ինչ պետք է արվի, որ արյուն չթափվի, որովհետև երկու կողմերն էլ հայեր են, երկու կողմերն էլ մարդիկ են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ռազմական և պետական գործիչ, գեներալ-մայոր Կառլոս Ղազարյանը, անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի` ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելուն և բռնության սպառնալիքով պատանդներ պահելուն:
«Սա այլանդակություն է, այլ բան չեմ կարող ասել, միայն պետք է ամեն ինչ արվի, որ արյուն չթափվի, երկու կողմն էլ հայեր են, երկու կողմն էլ մարդիկ են, ընտանիքներ ունեն, երիտասարդներ են: Ի՞նչ մեղք ունեն ոստիկանները, նրանք գիշեր-ցերեկ պահպանում են ժողովրդի անդորրը, ի՞նչ մեղք ուներ գնդապետ Վանոյանը, ով տարիներով ծառայում էր»,-ասաց նա:
Կառլոս Ղազարյանն ասաց, որ բոլորին անձամբ ճանաչում է, նրանք օր ու գիշեր պահպանում են ժողովրդի հանգիստը, ծառայում են. «Պետք է հարգել ոստիկանին, սիրել, մյուս հարցերը մի կողմ դնենք, կարող են ոստիկանների մեջ էլ մեկ-երկու հոգի լինեն, բայց ոստիկանությունը ծառայություն է իրականացնում»:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խումբը մտել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պատանդ է պահում են այնտեղ գտնվող ոստիկաններին՝ չորս մարդ: Նրանց մեջ են նաև փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: