Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Միջազգային իրավապաշտպան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ, հրապարակել է մամուլի ազատության ամենամյա համաշխարհային վարկանիշային աղյուսակը։
Ինչպես նշում է կազմակերպությունը, ամբողջ աշխարհում ԶԼՄ-ների ազատության հետ կապված իրավիճակը շարունակում է արագորեն վատթարանալ. լրագրողների վրա հարձակումների թիվն աճում է, ինչպես նաև ավելանում է այն երկրների թիվը, որտեղ լրատվամիջոցների աշխատողների աշխատանքային պայմանները բնութագրվում են որպես «աղետալի»:
Ինչպես երևում է կազմակերպության ամենամյա վարկանիշից, անցյալ տարի աշխարհի 36 պետություն հայտնվել է այն երկրների շարքում, որտեղ անկախ լրագրությունը գործնականում անհնար է։ Սա ռեկորդ է վերջին տասը տարվա ընթացքում։
Ընդհանուր առմամբ վարկանիշում ներառված է 180 երկիր, որոնց շարքում Հայաստանը 71.6 միավորով 43-րդն է: Մեր երկիրը, նախորդ տարվա համեմատ, գրանցել է դիրքի բարելավում՝ 49-րդ հորիզոնականից բարձրանալով 43-րդը:
Վարկանիշի հեղինակները նշում են, որ «չնայած բազմակարծության միջավայրին, լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքային վեճի և Ադրբեջանի հետ պատերազմի շարունակվող սպառնալիքի հետ կապված»։
Հեղինակաները նշում են, որ «Հայաստանում լրատվամիջոցների բևեռացումը արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը. շատ լրատվամիջոցներ կապված են 2018 թվականից հետո ի հայտ եկած քաղաքական առաջնորդներին, իսկ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին, բացի այդ, միայն մի քանի լրատվամիջոց է անկախություն ցուցաբերում»:
«Հայկական մեդիա դաշտում հատկապես զգայուն է երկու քաղաքական թեմա՝ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները և Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների լարվածությունը։
Որոշ քաղաքական խմբեր ապատեղեկատվական գործողություններ են իրականացնում և թիրախավորում լրագրողներին։ Չնայած զրպարտության ապաքրեականացմանը և ԶԼՄ-ների սեփականության թափանցիկությունը երաշխավորող օրենսդրության կիրառմանը, ոլորտը կարգավորող իրավական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի հետևում եվրոպական չափանիշներին: Վերջին բարեփոխումները չեն լուծել ապատեղեկատվության հետ կապված խնդիրները:
Պաշտոնական տեղեկատվության հասանելիությունը սահմանափակված է կառավարության կողմից (պատասխանելուց հրաժարվելը, ուշացումները և այլն):
Լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած մարդկանց կողմից կամ աջակցում է ազդեցիկ հասարակական գործիչների: Մինչդեռ պետական լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության հասցեին որևէ քննադատությունից։
Լրագրությունը, որպես մասնագիտություն, անարգված է և ենթակա է հատկապես անհանգստացնող ատելության խոսքի: Քաղաքական էլիտաների հակալրատվական հռետորաբանությունը, որը լրագրողներին մեղադրում է «կոռուպցիայի» և հակառակորդների ծառայության համար, ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը։ Նրանք մշտապես ենթարկվում են վիրավորանքի, հարձակման, ինչպես նաև զրպարտության վերաբերյալ վարույթների, ինչը ամրապնդում է ինքնագրաքննությունը:
Ադրբեջանի հետ սահմանին բախումները բարդացնում են լրագրողների աշխատանքը. ավելին, լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշումների, վիրավորանքների և բռնությունների ինչպես իշխող կուսակցության պաշտոնյաների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների, ինչպես նաև նրանց կողմնակիցների կողմից՝ լինի դա խորհրդարանում, փողոցում, թե սոցիալական ցանցերում: Ընդհանուր առմամբ լրագրողների նկատմամբ բռնությունն անպատիժ է մնում», - նշված է զեկույցում։
Ինչ վերաբերում է վարկանիշի առաջատարներին՝ այն երկրներին, որտեղ իրավիճակը առավել բարենպաստ է լրատվամիջոցների համար, ապա փոփոխություններ չկան։ Նորվեգիան ութ տարի անընդմեջ առաջին տեղում է, որին հաջորդում են սկանդինավյան բոլոր երկրները՝ Դանիան, Շվեդիան և Նիդեռլանդները։ Վարկանիշի վերջին տեղում են Սիրիան, Էրիթրեան և Աֆղանստանը, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում երեք լրագրող է սպանվել, իսկ առնվազն 25-ը բանտարկվել է։ Նախկին Խորհրդային Միության երկրներում նույնպես բացասական միտում է նկատվում: Հարևան Վրաստանը 103-րդն է: Թուրքիան 158-րդն է ՌԴ-ն ՝ 162-րդը, Ադրբեջանը 164-րդը, Իրանը՝ 176-րդը: