Իրանական մզկիթի վրա բարձրացվել է վրեժի կարմիր դրոշը (տեսանյութ)
Իրանի՝ շիաների համար սրբազան Կում քաղաքի Ջամքարան մզկիթի վրա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո բարձրացրել են վրեժի կարմիր դրոշը: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը:
Նշվում է, որ դրոշն արտացոլում է Սոլեյմանիի և մյուս զոհերի սպանության համար վրեժ լուծելու ցանկությունը: Դրոշը բարձրացվել է հավատացյալների երգի և աղոթքի ներքո:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: