Չինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին միջազգային իրավունքի սկզբունքները խախտելու համար
Չինաստանի արտգործնախարար Վան Ին իր իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ զրույցի ընթացքում նշել է, որ ԱՄՆ-ի ռիսկային ռազմական գործողությունները միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտում են հանդիսանում և ապակայունացման են տանում Մերձավոր Արևելքը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ: Իրանի արտգործնախարարը ներկայացրել է իր երկրի դիրքորոշումն ԱՄՆ-ի վերջին գործողությունների վերաբերյալ:
«ԱՄՆ-ի ռիսկային ռազմական գործողությունները միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտում են հանդիսանում և տանում են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման»,-հայտարարել է Չինաստանի արտգործնախարարը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: