ԱՄՆ-ին չհաջողվեց մի շարք երկրներում Իրանի ազդեցությունը թուլացնել, ինչի պատճառով փորձում է Մերձավոր Արևելք զորքեր ուղարկելով` իր դիրքերն ուժեղացնել. իրանագետ
ԱՄՆ-ի` լրացուցիչ 3000 զինծառայող Մերձավոր Արևելք ուղարկելու ծրագիրը նշանակում է, որ ԱՄՆ-ն փորձում է ուժեղացնել իր դիրքերը: Վերջին տարիներին այդ դիրքերը բավականին սասանվել են, և Իրանը զգալիորեն դիրքերն ուժեղացրել է: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրուցում ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով այն հաղորդագրությանը, որ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հավանություն է տվել լրացուցիչ 3 հազար զինծառայող տարածաշրջան ուղարկելու ծրագրին:
«ԱՄՆ-ին չհաջողվեց մի շարք երկրներում Իրանի ազդեցությունը թուլացնել, ինչի պատճառով փորձում է Մերձավոր Արևելք զորքեր ուղարկելով` իր դիրքերն ուժեղացնել, սակայն դեռ այդքան էլ հաստատ չէ, որ դա նրան կհաջողվի»,- ասաց Վարդանյանը:
Հարցին, թե ԱՄՆ-ի դիրքերն ուժեղացնելը կարո՞ղ է սրել Իրան-ԱՄՆ հարաբերությունները, Վարդանյանը պատասխանեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեռ ավելի վաղ էր հայտարարել, որ աննախադեպ ճնշումների է ենթարկելու Իրանին, որից հետո էլ սկսվեց Իրանի նկատմամբ բոլոր ճակատներից ճնշումների գործադրումները՝ պատժամիջոցներ, այլ երկրներում Իրանի դեմ միջնորդավորված պատերազմների վարում:
«Այդ պատճառով իրանամետ ուժերը հաճախ Իրանի դրդմամբ այլ երկրների տարածքում հարձակում են գործում ամերիկյան դեսպանատների, դիվանագիտական ներկայացուցչությունների և բազաների վրա»,- նշեց իրանագետը:
Անդրադառնալով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը՝ Վարդանյանը նշեց, որ Իրանն անպայման փոխադարձ պատասխան է տալու, սակայն այն արվելու է երրորդ երկրի տարածքում:
Իրանագետի խոսքով՝ Իրանի կառավարությունը շատ լավ հասկանում է, որ ԱՄՆ-ի դեմ առճակատումը լուրջ վտանգների կարող է հանգեցնել, ինչի համար ուղիղ պատերազմի չեն գնա, նույն գործողությունները նաև արվում են ԱՄՆ-ում:
Հիշեցնենք, որ CNN-ը Պենտագոնից աղբյուրի հղումով տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ն մեծացնում է իր ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո: ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հավանություն է տվել լրացուցիչ 3 հազար զինծառայող տարածաշրջան ուղարկելու ծրագրին, և տարածաշրջան կուղարկվեն 82-րդ օդադեսանտային դիվիզիայի ուժերը:
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո: