Հայ-ռուսական հարաբերություններում լուրջ աշխատանքներ տանելու կարիք կա, երբեք վստահության հարցում նման դեֆիցիտ չէր եղել. քաղաքագետը՝ վերջին մեկ տարում հայ-ռուսական հարաբերությունների մասին
Այն ամենակարևոր խնդիրների համար, որոնք հայ-ռուսական հարաբերություններում գոյություն ունեին, ամբողջ մեկ տարվա ընթացքում որևէ պայմանավորվածություն այդպես էլ ձեռք չբերվեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով 2019 թվականին ՌԴ-ի հետ ՀՀ-ի հարաբերություններին:
«2018 թվականն ավարտվեց Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցով, որից հետո բոլորը նորությունների էին սպասում, օրինակ, գազի գնի, Արցախյան հիմնահարցի հետ կապված: Վարչապետը հանդիպումից հետո ասաց, որ լավ նորություններ կան, սակայն այդ լավ նորություններն ամբողջ տարվա ընթացքում այդպես էլ չհնչեցին: Կարելի է ասել, որ Հայաստանի համար կարևոր խնդիրը, որը բանակցային փուլում էր, այդպես էլ օդում մնաց»,-ասաց քաղաքագետը:
Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ կան ցուցիչներ, ըստ որոնց Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում զգալի գործընթաց չկա: Նա հիշեցրեց, որ Հայաստան այցելեց նաև Ռուսաստանի Դաշնության նախագահը, սակայն այդ հանդիպմանը ևս կարևորագույն խնդիրների մասին չի խոսվել:
«Ցավոք, այլ մտահոգող հանգամանքներ ևս կան, օրինակ՝ մենք տեսնում ենք, թե Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանն ինչ դիվանագիտական լեզու է կիրառում: Ադրբեջանի նախագահը Պուտինի ներկայությամբ բացահայտ քննադատություններ հնչեցրեց Հայաստանի հանդեպ, որոնք, սակայն, պատասխան չստացան, կամ ընդունելի էին Ռուսաստանի համար»,- նշեց Մելիք-Շահնազարյանը:
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ Արցախում պետք է ադրբեջանական համայնքի կարգավիճակի հարցը բարձրացվի, քաղաքագետը, նշեց, որ նման հայտարարությունները հայ-ռուսական հարաբերություններում անհանգստանալու տեղիք են տալիս:
«Հայ-ռուսական հարաբերություններում լուրջ աշխատանքներ տանելու կարիք կա: Երբեք այս երկու երկրների միջև վստահության հարցում նման դեֆիցիտ չէր եղել: Սա աննախադեպ ցուցանիշ է, երբ ոչ մի լուրջ հարց լուծում չի ստանում և կանգ է առած»,- ասաց նա և հավելեց, որ ռազմական համագործակցության շրջանակում որոշ շարժ է եղել, սակայն եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա այստեղ ևս անկում է արձանագրվում:
Հարցին, թե 2020 թվականին բանակցությունների ի՞նչ փուլերի պետք է սպասել, քաղաքագետը պատասխանեց, որ Հայաստանն իրականում բանակցությունների փուլում փակուղու առաջ է և շատ լուրջ դիրքեր է զիջել, որոնք թույլ չեն տալիս, որ արդեն 2020 թվականին սպասելիքներ ունենանք:
«Հայաստանն ու Արցախն այսօր ռազմական լուրջ խնդրի առաջ են կանգնած, և ցավոք, Փաշինյանի և իր արտգործնախարարի անտաղանդ մոտեցումները ոչնչացնում են պատերազմի դիվանագիտական զսպման մեխանիզմները: Նույնիսկ բազմիցս Ադրբեջանին հնարավորություն են տվել պատերազմ սկսելու և մեղքը հայկական կողմի վրա բարդելու համար: Կարծում եմ՝ 2020 թվականին պատերազմի սպառնալիքը չափազանց մեծ է»,- նշեց նա:
Ամփոփելով հայ-ռուսական բանակցությունները՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ ամեն ինչ դրված է նախկին պայմանավորվածությունների իրացման վրա, և նոր քննարկումներ չկան: «Հայկական կողմը բանակցությունների ընթացքում փորձում է սիրաշահումներ անել, սակայն ամենամեծ խնդիրն այն է, որ ՀՀ վարչապետը և արտգործնախարարը շատ հեռու են իրավիճակի կառավարումից: Անգամ եթե իրենց ներկայությամբ հակահայկական հայտարարություններ են հնչում, նրանք արձագանք չեն տալիս, նրանք վտանգը չեն հասկանում: Ռուսաստանը փորձում է Հայաստանի հավատարմությունը, բայց փոխարենը ոչինչ չի տալիս»,- եզրափակեց նա: