Bloomberg գործակալությունը բացահայտել է իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանության հրամանի հանգամանքները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել էր սպանել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին դեկտեմբերի վերջին Իրաքում ԱՄՆ բազայի վրա հարձակումից հետո: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը` աղբյուրների հղումով:
Այդ հարձակման հետևանքով զոհվել էր մեկ ամերիկացի պայմանագրային զինծառայող: Դրանից հետո Թրամփը հանձնարարել էր իր խորհրդականներին ավիահարված մշակել: Դրանով զբաղվել են ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը, պետքարտուղար Մայք Պոմպեոն և փոխնախագահ Մայք Փենսը: Ըստ գործակալության` ծրագիրը քննարկվել է կապի պաշտպանված միջոցներով, և Սպիտակ տան մյուս աշխատակիցները տեղյակ չեն եղել ծրագրից:
Աղբյուրներից մեկի համաձայն` ամերիկացի զինվորականներն ուղղակիորեն չեն հետևել Սոլեյմանիին: Թրամփը հարված հասցնելու որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ հետախուզությունը զեկուցել է, որ գեներալը գտնվում է Բաղդադի օդանավակայանում: Գործակալության երկու այլ աղբյուրներ էլ պնդում են, որ Սպիտակ տունը ստույգ իմացել է գեներալի ժամանման ժամը և հետևել է նրա ուղևորությանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: