Գոլանի բարձունքների շուրջ սրացումներ կլինեն. Իսրայելի ինքնիշխանության ճանաչումով ԱՄՆ նախագահը լեգիտիմացնում է ՌԴ կողմից Ղրիմի անեքսիան. Կ. Վերանյան
Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լեգիտիմացնում է Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը:
Խոսելով ՌԴ ԱԳ հայտարարության մասին, որ ԱՄՆ որոշումը Մերձավոր Արևելքը ապակայունացնելու քայլ է՝ քաղաքագետն այսպես արձագանքեց. «Միջազգային հարաբերություններում վստահության մեխանիզմները չեն աշխատում: Կան երկակի ստանդարտներ: Դրանք կիրառվում են ԱՄՆ-ում, ՌԴ-ում: Մի հակամարտության տարածք անվտանգային տիրույթներից մեկում կարող է դիտարկվել միջազգային սուբյեկտ, մեկ այլ անվտանգային տիրույթում նույն տարածքը կարող է չընդունվել:
Եթե ժամանակին Ղրիմի անեքսիան քննադատվում էր ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից, Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերենության ճանաչումով Թրամփը քայլ արեց, լեգիտիմացրեց Ղրիմի անեքսիան ՌԴ կողմից: Ռուսաստանն իր համար քաղաքական ու իրավական առումով կարող է պարարտ հող նախապատրաստել և ավելի ամուր դիրքերից խոսել Ղրիմի մասին»:
Կարեն Վերանյանն ասաց, որ Ռուսաստանի արձագանքը տրամաբանական է, նրանք շահեր ունեն Սիրաիյում, որոնք չեն համընկնում ԱՄՆ շահերի հետ: Ըստ նրա՝ տրամաբանական է նաև Իրանի դիրքորոշումը, որովհետև Սիրիայում Իրանն էլ ունի շահեր:
«Հիմա պետք է սպասել, որ բախումներ կարող են լինել: Արդեն Գազայի հատվածից ռմբակոծություններ են եղել դեպի Իսրայելի կենտրոնական շրջաններ: Բախումները նոր սրացումների կհանգեցնեն»,- հավելեց նա:
Կարեն Վերանյանը հիշեցրեց, որ Դոնալդ Թրամփն իր նախընտրական ելույթներում հայտարարում էր, որ պատրաստվում է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք, ԱՄՆ դեսպանատունը տեղափոխել, հիմա էլ պատահական չէ, որ խոսում է Գոլանի բարձունքների ինքնիշխանության մասին:
«Թրամփն ուզում է, ժողովրդական լեզվով ասած, խոսքի տերը լինելու կերպար ստեղծել: Հայտարարել է՝ անում է: Սա ներքին լսարանի համար է շատ կարևոր, հայտարարում է ու անում, չի թողնում թղթի վրա: Բայց իհարկե սա ունի ռազմավարական նշանակություն: ԱՄՆ-ի համար Իսրայելի հետ հարաբերությունները Վաշինգտոնի գերակա ուղղություններից մեկն է Մերձավոր Արևելքում»,- նկատեց նա:
Քաղաքագետը նշեց, որ մոտավորապես կես տարի առաջ Ռուսաստանն ու Իսրայելը պայմանավորվել էին Իսրայել-Սիրիա սահմանի ռազմատեխնիկական ներկայությունը դեպի Սիրիայի խորքը տեղափոխելու մասին: Ինչից հետո, Վերանյանի խոսքով, ԱՄՆ պետդեպը մարդու իրավունքների մասով զեկույց հրապարակեց, որտեղ տեղ գտավ «Գոլանի բարձունքներ» ձևակերպումը. «Սա ցույց էր տալիս, որ ԱՄՆ-ն նախապես իրավական և քաղաքական հիմքեր է ստեղծում, որ Գոլանի բարձունքները հետագայում ճանաչի որպես Իսրայելի սուվերեն տարածք»:
Բացի այդ, ըստ Կարեն Վերանյանի, «Դ. Թրամփը փորձում է այս քայլով ստանալ ԱՄՆ նախագահական ընտրություններում հրեական համայնքի աջակցությունը, որն իր ազդեցությամբ աչքի է ընկնում»:
«Որոշումն ուներ նաև ներքին քաղաքական հանրային աջակցություն ստանալու կարևոր հնարավորություն»,- նշեց նա:
Կարեն Վերանյանն ասաց, որ Հայաստանն անուղղակի կապ ունի ընթացող գործընթացների հետ: «ԱՄՆ պետդեպի զեկույցում, որտեղ «Գոլանի գրավյալ բարձունքներ» ձևակերպման փոփոխությունը եղավ, գրվեց, որ սրանք «վերահսկվող» տարածքներ են: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն էլ բխում է մարդու իրավունքների, անհատի հիմնարար ազատության շեշտադրումով: Մենք այստեղ քաղաքական որոշակի հնարավորություններ ունենք՝ աշխատելու ԱՄՆ-ի հետ»,- շեշտեց նա: