Զբոսաշրջության համար հատկացված բյուջեն քիչ է, բայց ԵՄ-ից ստացված գումարը և ՀԲ-ի վարկը կօգնեն հասնել բարձր արդյունքների. Հռիփսիմե Գրիգորյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը պնդում է, որ զբոսաշրջությունը շարունակում է մնալ կառավարության գերակա ճյուղ:
«Պարտադիր չի, որ մենք հենց այդ կաղապարված արտահայտությամբ նշենք, որ զբոսաշրջությունը գերակայություն է, տարբեր ատյաններից սկսած, վարչապետի կողմից իր ելույթների ժամանակ բարձրաձայնվում է զբոսաշրջության կարևորությունը, հատկապես փոքր ու միջին ձեռնարկատիրությունների զարգացման, համաչափ տարածքային զարգացման, համայնքային զարգացման համար»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Հարցին, թե արդյո՞ք ուժի մեջ է դեռևս 2017–2022 թվականներին ընդունված զբոսաշրջության ռազմավարությունը, ըստ որի՝ տարեկան մինչև առնվազն 3 մլն մարդ պետք է այցելի Հայաստան, Հռիփսիմե Գրիգորյանը պատասխանեց, որ չի բացառվում, որ 2020թ.-ին նման ցուցանիշ ապահովվի: «Զբոսաշրջության բնագավառում ճիշտ քաղաքականություն իրականացնելու և բավականաչափ գումար երկրի գովազդի և մարքեթինգի մեջ ներդնելու դեպքում, միանշանակ, կարող ենք հասնել շատ բարձր արդյունքների»,-ասաց նա:
Միաժամանակ նկատեց, որ այս ոլորտի զարգացման համար հատկացված տարեկան բյուջեն շատ քիչ է: «Բայց ի ուրախություն մեզ ասեմ, որ դաշտում առկա են միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից գումարներ, որոնք անհամեմատ մեծ են, քան մեր բյուջեն, և այստեղ կա համակարգման կարիք: Ես մեծ հույս ունեմ, որ կոմիտեի նոր ղեկավարությունը և Տնտեսական զարգացման նախարարությունը կշարունակեն արդյունավետ աշխատել այս գումարներն իսկապես արդյունավետ օգտագործելու և ճիշտ համակարգելու հարցում»,-ասաց նա և նշեց, որ ԵՄ-ի կողմից զբոսաշրջության և ինովացիայի ոլորտին այս տարի հատկացվել է 13 մլն դոլար, նաև Համաշխարհային բանկի կողմից հատկացվել են 55 մլն դոլար վարկային միջոցներ, որոնք նախատեսված են ենթակառուցվածքների զարգացման համար:
Հարցին, թե հեղափոխությունից հետո Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն ինչքանով է մեծացել, պատգամավորը պատասխանեց, որ, միանշանակ, դա նկատելի է: «2018թ-ին 10,5 տոկոս զբոսաշրջիկների թվի աճ է գրանցվել, և հաշվի առնելով, որ դա գումարվել է նախորդ 2017 թ.-ի 18 տոկոս աճին, կարելի է ասել, որ բավական բարձր ցուցանիշ է:
Բացի այս, ստանում ենք տեղեկատվություն տարբեր թիրախային շուկաներից ՀՀ-ի հանդեպ մեծ հետաքրքրության մասին, իհարկե ամբողջական հետազոտություն այս պահին, ցավոք, չունենք, բայց օրինակ կարող եմ բերել Պարսից ծոցի արաբական երկրներից եկած ինքնաթիռներում մեր ուղևորահոսքը և ծանրաբեռնվածությունը, որն առանձին ցուցանիշ է, նաև տարբեր միջազգային ցուցահանդեսներին մասնակցելիս տեսնում ենք, որ կա մեծ հետաքրքրություն ՀՀ-ի հանդեպ, կամ նաև մասնավորի հետ կնքվելիք պայմանագրերի թվով: Այսինքն՝ տարբեր ֆորմատներով ստանում ենք տեղեկություն, որ մեծ հետարքրքություն կա, և կարծում եմ՝ այս տարի ավելի շատ աճ կունենանք»,-ասաց նա:
Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով՝ թիրախային երկրները տարբեր են: «Այս տարի, օրինակ, Իրանից ավելի քիչ թվով զբոսաշրջիկներ եկան, սակայն սա պայմանավորված է Իրանում որոշակի սահմանափակումների և արտարժույթի փոխանակման հետ, դոլարը բավական թանկացել է, և բացի այդ, սահմանից դուրս գալուց որոշակի պետական տուրք է գանձվում, այսինքն՝ ամեն կերպ սահմանափակվում է, և դրանով պայմանավորված քիչ զբոսաշրջիկներ են ակնկալվում»,-ասաց նա:
Պատգամավորն ասաց, այս պահին հստակ մարքեթինգային քաղաքականություն է իրականացվում կոնկրետ թիրախային շուկաների հետ կապված: Նա մեկ օրինակ բերեց. «Անցյալ տարի հենց ռուսական շուկայի համար մշակեցինք պրոդուկտ, որը կոչվում էր «Ռուսական հետքը Հայաստանում», այսինքն՝ այնպիսի պրոդուկտ է մշակվել, որը գրավում է ռուսալեզու զբոսաշրջիկին, գալ ՀՀ և տեսնել ռուսական հետքը այստեղ: Կամ, օրինակ, «Գինու արահետը», որը հետաքրքրում է ոչ միայն հիմնական շուկաներին՝ ՌԴ-ին, այլև եվրոպական շուկաներին ևս»:
Իսկ օրենսդիր դաշտում արդեն պատգամավորն ասաց, որ այս ոլորտի կարգավորման համար շատ անելիքներ կան: ««Զբոսաշրջության մասին օրենքը» պետք է լրամշակվի, և այս ուղղությամբ ևս աշխատանքներ տարել ենք կոմիտեում, խոսքը ծառայությունների ոլորտի կարգավորման մասին է: Այսօր մենք չունենք կարգավորում, ունենք հյուրանոցների որակավորման համակարգ, որի թերությունների մասին շատ է խոսվել, նաև ներդրումային դաշտի հետ կապված, նաև անուղղակի հարկերի հետ կապված, որոնք ևս կլրացնեն զբոսաշրջության բյուջեն: Սրանց մասին շուտով, կարծում եմ, առավել ծավալուն կլսեք մեզանից»,-եզրափակեց նա: