Թեոդոսիայի բնակիչները դիմում են հղել Արմեն Սարգսյանին՝ աջակցություն խնդրելով Այվազովսկու անվան պատկերասրահի պահպանման հարցում
Թեոդոսիայի հասարակական ակտիվիստները բաց դիմում են հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով աջակցել Այվազովսկու անվան պատկերասրահի պահպանմանը՝ որպես քաղաքի սեփականություն:
«Հարգելի, պարոն նախագահ, Ձեր մեծանուն հայրենակիցը՝ համաշխարհային ճանաչում ունեցող ծովանկարիչ Հովհաննես Այվազյանը (Այվազովսկի), կենդանության օրոք իր ջանքերով ստեղծված պատկերասրահը՝ դրանում առկա բոլոր արվեստի գործերով հանդերձ կտակել է իր հայրենի քաղաքին՝ Թեոդոսիային… Մենք Ձեզ խնդրում ենք միջպետական մակարդակով կիրառել Ձեզ համար բոլոր հնարավոր և թույլատրելի միջոցները՝ կանխելու համար Այվազովսկու հոգևոր ժառանգության խլումը Թեոդոսիայից», - Rusarminfo-ի հաղորդմամբ՝ ասվում է դիմումի մեջ:
Նշվում է, որ 2016 թվականին Ղրիմի իշխանություններն առաջին անգամ հայտարարել են պատկերասրահի՝ հանրապետական սեփականությանը փոխանցելու անհրաժեշտության մասին՝ նպատակ ունենալով վերահսկողություն սահմանել միջոցների ծախսի նպատակահարմարության նկատմամբ: Այն ժամանակ չի հաջողվել իրականացնել մտադրությունը, իսկ 2019-ի սկզբին հանրապետության մշակույթի նախարարությունը կրկին հանդես է եկել նման նախաձեռնությամբ: