Ակնկալում ենք, որ ապրիլին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կվավերացվի Գերմանիայի խորհրդարանում․ Բունդեսթագի պատգամավոր (տեսանյութ)
Ուրախ եմ ամրագրելու, որ կարող ենք դրական դինամիկա արձանագրել ՀՀ-ԵՄ հարաբերություններում: «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» քննարկման ժամանակ այսպես ասաց Բունդեսթագի պատգամավոր (ՔԴՄ/ՔՍՄ), Հայ-գերմանական ֆորումի նախագահ Դր. Ալբերտ Վայլերը:
«Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն առաջիկայում քննարկվելու ու, բնականաբար, հաստատվելու է Գերմանիայի խորհրդարանում»,- տեղեկացրեց նա: Նրա խոսքով՝ համաձայնագիրը հերթական անգամ քննարկելու է ապրիլի 4-ին: «Մենք ակնկալում ենք, որ Գերմանիայում ևս այն հաջողությամբ կհաստատվի», - ասաց Ալբերտ Վայլերը։
Նա ընդգծեց, որ այս համաձայնագիրը պարունակում է նախկինում քննարկված, սակայն չստորագրված Ասոցացման համաձայնագրի տարրեր։ Ալբերտ Վայլերի խոսքով՝ Արևելյան գործընկերության երկրների միջև պետք է տարբերակում լինի՝ այն երկրների, որոնք ԵՄ-ի հետ ունեն Ասոցացման համաձայնագիր, և այն երկրների, որոնք փորձում են ԵՄ-ի հետ բարեկամական գործընկերություն հաստատել, ինչպիսին Հայաստանն է:
«Մենք ունենք թափանցիկ և հստակորեն սահմանված օրակարգ, այս համաձայնագրի դրույթները հստակ են ու միանշանակ, և Համապարփակ և խորը տնտեսական գործընկերություն, որը ենթադրում է համատեղ ուղիներ, քաղաքական երկխոսության շրջանակ է սահմանում, որը երկկողմանի շահավետ է»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: