ԱԺ նախագահը և Կուբայի դեսպանը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Պևիդա Պուպոյին:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նա իր ջանքերը կներդնի հայ-կուբայական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում:
Արարատ Միրզոյանը, նշելով, որ Հայաստանը Լատինական Ամերիկայի տարածաշրջանի մի շարք երկրների հետ ունի բավականին ակտիվ հարաբերություններ, հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Կուբայի հետ փոխգործակցությունը ևս կհասնի բարձր մակարդակի:
Երկկողմ կապերի զարգացման գործում արժևորելով պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը՝ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Ազգային ժողովում արդեն ձևավորվել է Հայաստան-Կուբա բարեկամական խումբը: Կարևորելով միջազգային հարթակներում փոխգործակցության ակտիվացումը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ առկա է չօգտագործված զգալի ներուժ:
ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Կուբայի իշխանություններին 1988 թ. երկրաշարժի դժվարին օրերին հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնելու համար:
Էմիլիո Պևիդա Պուպոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը նպաստելու երկու երկրների միջև կապերի առավել զարգացմանն ու խորացմանը: Դեսպանը ևս կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ կապերի ամրապնդման հարցում:
Զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, կարևորել համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես, գիտակրթական և զբոսաշրջության ոլորտներում: Կողմերը փաստել են, որ չնայած երկու երկրների միջև հեռավորությանը՝ առկա են բոլոր նախադրյալները երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Կուբայի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններին: