ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցային ցանկն Իրանի նկատմամբ
Ամերիկյան իշխանությունները որոշում են ընդունել պատժամիջոցներ սահմանել իրանական ևս 14 կազմակերպության և 9 ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք Վաշինգտոնի կարծիքով ներգրավված են ահաբեկչական գործունեության մեջ և կապ ունեն իրանական միջուկային ծրագրի հետ: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:
Գերատեսչության պնդմամբ՝ պատժամիջոցային ցուցակում նշված անձինք և կազմակերպություններն առնչություն ունեն իրանական Ansar Exchange ընկերության գործունեության հետ, որն իր հերթին կապ ունի «Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի» հետ:
«Մենք հարված ենք հասցնում Իրանում, Թուրքիայում և ԱՄԷ-ում գործող կեղծ ընկերությունների և ֆիզիկական անձանց խոշոր ցանցին, որպեսզի դադարեցնենք համակարգի աշխատանքը, որի միջոցով իրանական ռեժիմն անօրինական կերպով դրամական փոխանցումներ է իրականացրել», - ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հայտարարության մեջ:
Պատժամիջոցային ցանկում հայտնվելը ենթադրում է ԱՄՆ-ում առկա ակտիվների սառեցում և արգելք ամերիկյան ընկերությունների և քաղաքացիների հետ գործարքներ կնքելու համար: