Հոլիվուդյան դերասանը նոր թրիլերում կմարմնավորի հայազգի գանգստերի
Հոլիվուդյան դերասան Ադամ Չեքմանն օսկարակիր դերասան Գարի Օլդմանի հետ կնկարահանվի «Երազանքների երկիր» (Dreamland) թրիլերում, որը պատմում է միջազգային ափիոնային ճգնաժամի մասին:
Ինչպես հայտնում է deadline.com-ը, նա կմարմնավորի հայազգի գանգստեր ոմն Արմենին: Ըստ սցենարի՝ Արմենը քողարկված հատուկ գործակալի գործընկերն է:
Ռեժիսոր Նիկոլաս Ջարեկիի ֆիլմում կնկարահանվեն նաև հայտնի դերասաններ Միշել Ռոդրիգեսը, Էվանջելին Լիլին, Արմի Համերը, Լիլի Ռոուզ Դեփը:
Սյուժեն կառուցվում է խաչվող երեք պատմության հիման վրա. թմրանյութերի թրաֆիքինգով զբաղվող Համերը ֆենտանիլի խոշոր խմբաքանակի ներկրման գործողություն է նախապատրաստում Կանադայի և ԱՄՆ-ի միջև, նախկին թմրամոլ Լիլին բուժվել է վտանգավոր կախվածությունից ու հանկարծ պարզում է, որ որդին թմրանյութերի առքուվաճառքով է զբաղվում, մինչդեռ համալսարանի պրոֆեսոր Օլդմանն ի զարմանս իրեն բացահայտում է, որ իր գործատերը պատրաստվում է շուկա հանել լուրջ կախվածություն առաջացնող նոր ցավազրկող: