«Զիգզագն» աշխատում է անբարեխղճորեն ու խախտում օրենքը
Tert.am-ին հայտնի է դարձել, որ Զիգզագ խանութ սրահն աշխատում է անբարեխղճորեն:
Մասնավորապես խմբագրությանը հայտնի է դարձել դեպք, երբ սպառողը «Զիգզագ» խանութ սրահից գնել է էլեկտրական խնամքի պարագա և սպառողի հարցին, արդյոք հետագայում ընկերությունը հանձն կառնի ապրանքի պատշաճ սպասարկումը, սպառողը ստացել է դրական պատասխան:
Մասնավորապես վերջինիս խանութ սրահում հայտնել են, որ եթե անհրաժեշտ լինի որևէ դետալ փոխարինել, ընկերությունը կփոխարինի դա: Սակայն երբ փոխարինման անհրաժեշտություն է առաջացել և գնորդը կապվել է ընկերության սպասարկման կենտրոնի հետ, նրան հայտնել են, որ իր էլեկտրոնային նամակին կպատասխանեն միայն 7 օրից, ապա ասել են, որ տվյալ պահին տվյալ ապրանքատեսակի դետալը չունեն ու դա պատվիրելու համար անհրաժեշտ կլինի սպասել ևս 30 օր:
Սպառողի մոտ տպավորություն է առաջացել, որ «Զիգզագում»իրեն անուղղակիորեն ստիպում են տվյալ ապրանքից նորը գնել, որովհետև 30 օր սպասելը թվացել է անտրամաբանական այն դեպքում, երբ ծանրոցների՝ եվրոպայից առաքման միջին ժամկետը մեկ շաբաթն է:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նման դեպքերում սպառողին պետք է տրամադրեն համարժեք փոխհատուցում։
«Եթե այդ դետալի բերելը, ապրանքի վերանորոգելը տևելու է երկար, տնտեսվարող սուբյեկտը սպառողին պետք է տրամադրի համարժեք ապրանք որպեսզի սպառողը տվյալ ժամանակահատվածում օգտագործի այն: Սա օրենքի պահանջ է»,- տեղեկացրեց նա։
Նշենք, որ երբ սպառողը զանգահարել է Զիգզագ և առաջարկել իրեն համարժեք ապրանք տրամադրել, սրահից նրան պատասխանել են, որ համարժեք ապրանք չեն տրամադրում և ընկերությունը այդ տարբերակով չի աշխատում։