Երևանի 2019-ի բյուջեն կազմվել է այն սկզբունքի հիման վրա, որ ամենաարդյունավետ կերպով օգուտ տանք Երևան համայնքին. Հայկ Մարության
2019 թ-ի Երևանի բյուջեն կազմվել է այն սկզբունքի հիման վրա, որ ամենաարդյունավետ կերպով օգուտ տանք Երևան համայնքին:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով նշեց, որ ընդհանուր կոնցեպցիային ծանոթ է, բայց մանրամասներին չի տիրապետում:
Ըստ Մարությանի՝ Երևանի 2019թ.-ի բյուջեին վերաբերող բոլոր հարցերին հանգամանալից պատասխան է տվել փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
Հարցին, թե 1 մլրդ 200 մլն դրամով միայն պարգևատրումների վճարներն ավելացնելն արդյոք արդյունավետ է համարում, քաղաքապետը պատասխանեց. «Եթե լսեք փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի բացատրությունները, կհասկանաք, որ այո»:
Ի դեպ, Հայկ Մարությանը հաստատեց, որ առաջիկայում քաղաքապետարանում սպասվում է օպտիմալացում: Իսկ թե աշխատակիցների քանի տոկոսի օպտիմալացում կլինի, ասաց՝ երբ վերջնական աշխատանքները պարզ լինեն, այն ժամանակ էլ կտեղեկացնեն:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը տարածել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի պարզաբանումը՝ մայրաքաղաքի բյուջեի հետ կապված: Մասնավորապես, պարգևավճարների, գործուղումների մասին պարզաբանման մեջ նշվում է, որ այն աշխատանքը, որն իրականացվում է այսօր, իրենց չի բավարարում, և քննարկման ժամանակ (Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին-խմբ.) իրենց ընդդիմադիր գործընկերներն ընդունում էին, որ, այո, անձնակազմի աշխատավարձը ցածր է, և այդպես հնարավոր չէ ակնկալել այն արդյունքը, որ ցանկանում ենք, և առաջարկում էին բարձրացնել աշխատավարձը:
«Դա ենթադրում է, որ այդ ֆոնդը պահպանվելու էր հաջորդ բոլոր տարիներին: Մինչդեռ պարգևատրման ֆոնդն ավելի ճկուն է, զուգահեռ ապահովում ենք մոտիվացիա, ինչը չենք կարող անել աշխատավարձի պարագայում: Անձնակազմի կառավարման բոլոր մոդելները հստակ ասում են՝ ֆիքսված աշխատավարձը, եթե այն գործարքային չէ, որպես մոտիվացման գործիք երբեք չի կարող ծառայել»,- նշում է պարզաբանման մեջ: