Իրանում հայտարարել են Ահվազում ահաբեկչություն իրականացրած գրոհայինների ոչնչացման մասին
Իրանի հարավ-արևմյան Ահվազ քաղաքում ռազմական շքերթի վրա իրականացված հարձակումն իրականացրել է չորս գրոհային, նրանք կապված են ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայությունների հետ: Այդ մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեկարչին, գրում է IRNA գործակալությունը:
Նրա խոսքերով՝ երեք գրոհայինները ոչնչացվել են տեղում, ևս մեկ գրոհային մահացել է հիվանդանոցում:
Շեկարչին հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ հարձակվողները կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Իրանի զինված ուժերի ներկայացուցիչը նաև ասել է, որ նրանք ֆինանսավորվել են «Պարսից ծոցի երկու երկրների կողմից»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, անհայտ անձինք կրակ են բացել իրանական Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ: Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 29 մարդ, 53 մարդ վիրավորվել է: