Թուրքիայում 12 զինվորական ցմահ ազատազրկման է դատապարտվել հեղաշրջման փորձին մասնակցության համար
Թուրքիայում ցմահ ազատազրկման է դատապարտվել 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին մասնակցության համար մեղադրվող 12 զինվորական, այս մասին հայտնում է «Բիրգյուն» պարբերականը:
Հայտնի է, որ դատապարտվածների թվում կա թուրքական ԶՈւ-ի նախկին 4 գեներալ:
Զինվորականները մեղադրվել են սահմանադրական կարգը խախտելու համար:
Նշվում է, որ մեղադրյալներն իրենց մեղքը չեն ընդունել:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:
Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին: