Նալբանդյանն ու Հարությունյանը հանդիպել են դեսպաններին
«ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի ղեկավարության ու հոգեւոր առաջնորդների կողմից հնչել են երկխոսություն սկսելու բազմաթիվ կոչեր։ Հանրապետության նախագահը գնաց ցույցի վայրը՝ հավաքների կազմակերպչի հետ հանդիպելու եւ երկխոսությանը մեկնարկ տալու համար։ Ապրիլի 22-ին վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից լիցքաթափման ակնկալիքը չիրականացավ, քանի որ հավաքների կազմակերպիչը վարչապետի հետ հանդիպումն օգտագործեց ՀՀ իշխանություններին վերջնագիր ներկայացնելու համար՝ փաստորեն մերժելով երկխոսության առաջարկը», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով Եվրամիության կողմից արված հայտարարությանը՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ հայկական կողմը կիսում է դրանում արտահայտված դրույթները եւ ոչ միայն լիովին հարգում է հավաքների ազատության իրավունքը, այլեւ գործնականում ապահովում է դրա համարժեք կիրառումը, Հայաստանի օրենսդրության եւ միջազգային պարտավորությունների համաձայն։
Դավիթ Հարությունյանը պարզաբանումներ ներկայացրեց «Հավաքների ազատության մասին» օրենքի եւ հավաքների ազատության ապահովման միջազգային փորձի վերաբերյալ։
Դավիթ Հարությունյանը անդրադառնալով ԱԺ պատգամավորների ձերբակալությանը՝ նշեց, որ անտեսելով ոստիկանության հորդորները` հավաքի կազմակերպիչները շարունակել են կոչերը այլ անձանց սահմանադրական իրավունքների եւ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման վերաբերյալ, եւ որոշում է կայացվել ապօրինի հավաքները դադարեցնելու մասին։