Արամ Ա եւ Գարեգին Բ՝ Երկխոսությունը լավագույն ելքն է
Երեւան: Մեդիամաքս: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այսօր ողջունել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ կողմերին ուղղված երկխոսության հրավերը:
Կաթողիկոսների խոսքով՝ «սա ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու, առկա խնդիրները լուծման առաջնորդելու ճիշտ ու ապահով ճանապարհն է»:
[[linked-news28052]]
Նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Գարեգին Բ-ն եւ Արամ Ա-ն նշել են, որ կան կուտակված բազմաթիվ խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն, եւ երկիրը պետք է ընթանա իրական բարեփոխումների ճանապարհով՝ հասարակության բոլոր խավերի եւ, առաջին հերթին, երիտասարդների ընդգրկմամբ:
Արամ Ա-ն նաեւ շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ:
«Քաջածանոթ լինելով Ձեր անձին եւ երկար տարիների գործունեությանը՝ լիահույս ենք, որ լավագույնս պիտի արդարացնեք Ձեր հանդեպ մեր ժողովրդի ունեցած վստահությունը»,- նշել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: