ՕԵԿ-ն արտահերթ ընտրություններ է առաջարկում
«Իշխանությունը, հասարակությունը եւ քաղաքական ուժերն այսօր ճաշակում են 2017թ. ապրիլի լայնամասշտաբ եւ ռեյտինգային ընտրակաշառքների բաժանման պտուղները` ընտրակաշառք, որ լուծեց պահի խնդիրը, բայց ոչ թե՝ օրեցօր խորացող սոցիալական թշվառության, զանգվածային գործազրկության եւ ահագնացող տեմպերի հասնող արտագաղթի, ինչը, իրավամբ, դարձել է ազգային անվտանգության հարաճուն սպառնալիք», - ասված է հայտարարության մեջ:
«Հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակի հնարավոր ցանկացած հանգուցալուծում թե՛ բռնությամբ եւ ձերբակալություններով, եւ թե՛ հեղափոխական ճանապարհով իրականացումը լուրջ եւ երկարաժամկետ վտանգներ եւ ռիսկեր է պարունակում մեր հայրենիքի համար, ‹‹Օրինաց երկիր›› կուսակցությունը կոչ է անում, որպես 20 տարվա խորհրդարանական փորձառությամբ հասունացած քաղաքական ուժ, որն առաջինն էր արտախորհրդարանական ուժերի մեջ 2017թ. ապրիլի 2-ին իր հավաքած քվեների թվով, ձեռնամուխ լինել քաղաքական հարթակի ձեւավորմանը, մշակելով իրավիճակի հանգուցալուծման քաղաքական օրակարգ, որը կարող է ունենալ քաղաքական հանգուցալուծման տարբեր դրսեւորումներ, ներառյալ՝ համընդգրկուն քաղաքական եւ քաղաքացիական միացյալ պլատֆորմի ձեւավորում: Դա կապահովի եւ կերաշխավորի նոր եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ողջամիտ ժամկետներում, որը կարող է դիտարկվել որպես փոխընդունելի քաղաքական հանգուցալուծում եւ փայլուն հնարավորություն` յուրաքանչյուր քաղաքական ուժի համար դրսեւորելու ազատ եւ արդար ընտրություններում իր տեսակի, գաղափարների մրցակցությունը եւ Հայաստանում ձեւավորել նոր որակի եւ, ինչու ոչ, նաեւ երկիրն այս ծանր վիճակից հանելու ի զորու, ժողովրդի վստահությունը վայելող ազգային ներդաշնակության եւ լայն համախոհության իշխանություն», - ասված է հայտարարության մեջ: