ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն կշարունակի ՀՀ-ի հետ «սերտ գործակցության ավանդույթը»
Այս մասին Ինգիբյորգ Գիսլադոտիրն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:
ԺՀՄԻԳ տնօրենը կարեւորել է Հայաստանի ներդրումը այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ պայքարի միջազգային ջանքերում՝ այս առումով բարձր գնահատելով Հայաստանի կողմից ԵԱՀԿ ավստրիական նախագահության ու ԺՀՄԻԳ-ի համատեղ կազմակերպած «Քրիստոնյաների եւ այլ կրոնական խմբերի անդամների դեմ ատելության շարժառիթով հանցագործությունների կանխարգելումը եւ հակազդումը. հեռանկարներ ԵԱՀԿ-ից եւ անդին» խորագրով ԵԱՀԿ խորհրդաժողովի հյուրընկալումը:
Էդվարդ Նալբանդյանն էլ գոհունակությամբ նշել է, որ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, ընտրական գործընթացների բարելավման, օրենքի գերակայության բնագավառում Հայաստանում տեղի ունեցող շարունակական առաջընթացի գործում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն կարեւոր գործընկեր է հանդիսանում:
Երկուստեք նշվել է, որ Ինգիբյորգ Գիսլադոտիրի առաջին այցը Հայաստան ԺՀՄԻԳ տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո լավ հնարավորություն է ընձեռում մտքեր փոխանակել Հայաստան-ԺՀՄԻԳ համագործակցության հարցերի շուրջ: