Երեւանում խոսել են ԱՃԹՆ ստանդարտի ներդրման կարեւորության մասին
Երեւանում այսօր տեղի է ունեցել Հայաստանի՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) թեկնածու երկիր դառնալուն նվիրված միջոցառումը, որի շրջանակում ներկայացվել են այս ուղղությամբ մինչ օրս կատարված աշխատանքն ու հեռանկարները:
Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ կառավարությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի աջակցությամբ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, մասնակցելով միջոցառման բացմանը, նշել է, որ սա Հայաստանի համար նոր գործընթացի սկիզբ է, որի նպատակն է հանքարդյունաբերությունը դարձնել առավել թափանցիկ, իսկ պետական մարմինների եւ արդյունահանող կազմակերպությունների աշխատանքը՝ առավել հաշվետու:
«Մեզ համար կարեւորը հավասարակշռության այն բանաձեւը գտնելն է, որով կստեղծվի բոլորի համար թափանցիկ եւ արդյունավետ կառավարվող դաշտ, կներգրավվեն ներդրումներ, որոնք կապահովեն կայուն տնտեսական աճ՝ միջազգային լավագույն փորձի եւ ստանդարտների կիրառմամբ»,- ասել է վարչապետը:
Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն էլ ողջունել է ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված ԱՃԹն ստանդարտին անդամակցությանը:
«Ամենակարեւորը, սակայն, ԱՃԹՆ անդամ դառնալը չէ, այլ այն հանձնառությունը, որ ստանձնում են կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը եւ հանքարդյունաբերության ոլորտը, այն է՝ շարունակաբար միավորել իրենց ջանքերը առավել մեծ թափանցիկություն ապահովելու եւ մաքուր, պատասխանատու եւ ինքնաբավ հանքարդյունաբերության զարգացմանը նպաստելու համար»,- ասել է ԱՄՆ դեսպանը:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, որի աջակցությամբ դասընթացներ են կազմակերպվել բազմաշահառու խմբի անդամների համար, ԱՃԹՆ թեկնածու երկրի կարգավիճակի շնորհումը մեծ առաջընթաց է համարել եւ նշել, որ ուրախությամբ են իրենց փորձն ու գիտելիքները կիսելու:
Համաշխարհային բանկի հաղորդակցության մենեջեր Վիգեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հանքարդյունաբերության կայուն եւ համաչափ զարգացման համար կարեւոր է, երբ «խոսելու հնարավորություն ունի թե՛ պետությունը, թե՛ բիզնեսն ու քաղաքացիական հասարակությունը»:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԱՃԹՆ բազմաշահառու խմբի նախագահ Դավիթ Հարությունյանը նշել է, որ 2017-2018 թթ ծրագրում, որպես առաջնահերթություն, ամրագրելու են հանրային իրազեկումը, հաշվետվողականության բարձրացումը, ներդրումային միջավայրի բարելավումըˋ նշելով, որ կան առաջնային ստանդարտներ, որոնք եւս պետք է բավարարեն:
Բազմաշահառու խմբի անդամ, «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը թեկնածու երկրի կարգավիճակի շնորհումը համարել է շրջադարձային ձեռքբերում եւ նկատել, որ «Լիդիան Արմենիա»-ն առաջին իսկ օրից աջակցել է նախաձեռնությանը միանալու գործընթացին:
«Այստեղ կա առավելագույն թափանցիկություն եւ խաղի հստակ կանոններ, ինչը կնպաստի մեր երկրի մրցունակության բարձրացմանն ու այստեղ կբերի ավելի պատասխանատու ներդրողների»,- ասել է Արմեն Ստեփանյանը:
«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնն էլ նկատել է, որ «Լիդիան Արմենիա»-ն իր գործունեության հենց սկզբից աշխատել է թափանցիկության սկզբունքով:
«Այն, ինչ մենք վճարում ենք պետությանը՝ թափանցիկ եւ բաց է: Այս նախաձեռնությանը միանալը մեր՝ «Լիդիան»-ի բաժնետերերի մոտ ավելի մեծ վստահություն կառաջացնի, քանի որ սա ազդակ է այն մասին, որ երկիրը բաց ու թափանցիկ»,- ասել է նա:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, բազմաշահառու խմբի անդամ Ինգա Զառաֆյանն էլ նշել է, որ քաղհասարակությանն ամենից շատ մտահոգողը բնապահպանական խնդիրներն են, ինչն առաջնահերթ է լինելու իրենց աշխատանքում:
Հայաստանը թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուց հետո՝ 18 ամսվա ընթացքում, պետք է հրապարակի իր ԱՃԹՆ առաջին զեկույցը, իսկ մինչեւ 2018թ. հունվարի մեկը կազմի ճանապարհային քարտեզ այն մասին, թե ինչ ուղիներով պետք է բացահայտի ընկերությունների իրական սեփականատերերին:
«Վերջնական բացահայտումը պետք է լինի ոչ թե կազմակերպությունների, այլ ֆիզիկական անձանց մակարդակով: Ներկայում ուսումնասիրում ենք տարբեր երկրների փորձը, ձեռքբերումներն ու ձախողումները՝ ունենալու մեր համար ընդունելի եւ արդյունավետ մոդելը»,- Մեդիամաքսի հարցին ի պատասխան ասել է Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանն աշխարհի 51-րդ երկիրն է, որը ներդնում է ԱՃԹՆ-ի ստանդարտը: Վերջինի նպատակն է բարելավել բնական ռեսուրսներից ստացվող եկամուտների թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը՝ հրապարակելով գազի, նավթի եւ հանքարդյունաբերության ոլորտների կազմակերպությունների կողմից վճարվող հարկերը եւ կառավարության կողմից ստացվող եկամուտները:
Հայաստանի՝ ԱՃԹՆ-ին միանալու որոշման մասին Banks.am-ն ավելի վաղ զրուցել էր բրիտանական «Ադամ Սմիթ Ինթերնեյշնլ» խորհրդատվական ընկերության առաջատար փորձագետ Ջերեմի Ուեյթի հետ: