Մահացել է ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանը
Մահացել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի խորհրդական, ՀՀ Կենտրոնական բանկի առաջին նախագահ Իսահակ Իսահակյանը:
Այս մասին հայտնել են ԿԲ մամուլի ծառայությունից:
Իսահակ Իսահակյանը ծնվել է 1933թ. օգոստոսի 10-ին:
1957թ. ավարտել է Տաշքենդի Ֆինանսատնտեսագիտական ինստիտուտի տնտեսգիտության ֆակուլտետը:
Մասնագիտական գործունեությունը սկսել է ԽՍՀՄ Պետբանկի (ներկայիս՝ Կենտրոնական բանկ) հայկական գրասենյակում՝ որպես վարկային տեսուչ: Այնուհետ նույն կառույցում զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ դառնալով նաեւ ԽՍՀՄ պետբանկի հայկական գրասենյակի կառավարիչ-վարչության նախագահ:
Հայաստանի անկախացումից հետո նշանակվել է ՀՀ Կենտրոնական բանկի վարչության նախագահ:
«Իսահակ Իսահակյանը 1993թ. ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ ստեղծված «ՀՀ դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի» երեք համանախագահներից մեկն էր, նրա ստորագրությամբ են վավերացված անկախ Հայաստանի դրամաշրջանառության կազմակերպման կարեւորագույն փաստաթղթերը, ՀՀ առաջին թղթադրամները»,- նշել են ԿԲ-ում:
Իսահակ Իսահակյանի հոգեհանգիստը կկայանա փետրվարի 17-ին՝ ժամը 18:00-ին, Նուբարաշեն 46 հասցեում գտնվող սգո սրահում, իսկ հուղարկավորությունը կկայանա փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ին, նույն հասցեից: