Ապահովագրության ոլորտում հայ-իրանական գործակցությունը կխորացվի
ՀՀ Կենտրոնական բանկի եւ Իրանի Կենտրոնական ապահովագրության միջեւ նախօրեին ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ապահովագրության ոլորտում համագործակցության համար իրավական հիմքեր ստեղծելու նպատակով:
ԿԲ-ում նշել են, որ համաձայնագիրը ստորագրվել է Իրանի Կենտրոնական ապահովագրության նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի գլխավորած պատվիրակություն այցի շրջանակում:
Հուշագրի համաձայն՝ կողմերը համաձայնվում են.
- Ապահովագրական ծառայությունների մատուցումը հասանելի դարձնել երկու երկրների քաղաքացիների համար,
- Համագործակցել վերաապահովագրության ոլորտում,
- Իրենց ներպետական օրենսդրության շրջանակում հիմքեր նախատեսել ապահովագրական ընկերությունների ներկայացուցչություն ապահովելու համար,
- Իրականացնել փոխադարձ ուսումնական ծրագրեր, սեմինարներ, փորձի փոխանակման այցեր:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ողջունելով հյուրերին, որոնց թվում էին նաեւ Իրանի ապահովագրական առաջատար ընկերությունների ղեկավարները, կարեւորել է երկու երկրների կողմից ապահովագրության ոլորտում փոխգործակցության ամուր հիմքերի ձեւավորմանն ուղղված քայլերը:
Նա հույս է հայտնել, որ այս այցը, ինչպես եւ վերջինիս շրջանակում ՀՀ ապահովագրական ընկերությունների հետ կայացած հանդիպումները կնպաստեն ապահովագրության ոլորտում համագործակցության խթանմանն ու ամրապնդմանը:
Ապահովագրության ոլորտում ՀՀ Կենտրոնական բանկի եւ Իրանի Կենտրոնական ապահովագրության միջեւ համագործակցության նմանատիպ հուշագիր կնքվել է 2009-ին: