Հայաստանը ցանկանում է Չինաստանի հետ օդային կապ հաստատել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ հայկական կողմը ցանկություն ունի օդային հաղորդակցություն հաստատել Չինաստանի հետ:
Այս մասին Կարեն Կարապետյանն ասել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիան Էրլունի հետ հանդիպմանը:
«Ես ուզում եմ, որ չինացի գործարարները Հայաստանում իրենց հարմարավետ զգան»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով` կառավարությունը շահագրգռված է Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմամբ եւ պատրաստ է օժանդակել Չինաստանի գործարարներին Հայաստանի շուկայում գործունեություն ծավալելու հարցում:
Կարեն Կարապետյանն առաջարկել է ներկայացնել կոնկրետ ծրագրեր՝ նշելով, որ դրանք մանրամասն կքննարկվեն կառավարության կողմից:
Թիան Էրլունին էլ նշել է, որ չինական կողմը եւս կարեւորում է Հայաստանի հետ տնտեսական գործակցության խորացումը եւ նախատեսում է կազմակերպել մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը: