ՎՏԲ-Հայաստան Բանկը դյուրացնում է տեխզննության անցկացման գործընթացը
ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ դյուրացնում է տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման համար անհրաժեշտ վճարների ընդունման գործընթացը:
Բանկում նշել են, որ այսուհետ Երեւանում գրանցված ավտոմեքենա ունեցող ֆիզիկական անձինք կարող են կատարել տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության վճարները՝ առանց վերջինիս գույքահարկի պարտավորության մասին տեղեկանքը բանկ ներկայացնելու:
«Փոխարենը հաճախորդը ՎՏԲ-Հայաստան Բանկ մեկ այցելությամբ կարող է հաշված վայրկյանների ընթացքում ճշտել տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորության չափը, վճարել այն օնլայն ռեժիմում, որից հետո կատարել տեխնիկական զննության վճարումը եւ ստանալ տեխնիկական զննման կտրոնը»,- ասված է հաղորդագրությունում:
Բանկում առանձնացրել են տվյալ ծառայության առավելությունները՝
1. Հաճախորդը խնայում է իր ժամանակն ու ջանքերը՝ կատարելով բոլոր վերը նշված գործողությունները մեկ վայրում շատ կարճ ժամանակի ընթացքում:
2. Ծառայությունը հասանելի է ՀՀ ողջ տարածքում տեղակայված ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերում: