ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Դաշինքը ներգրավված չէ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների շուտափույթ կարգավորման հույս է հայտնել: Դաշինքը ոչ մի կերպ ներգրավված չէ Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քննարկմանը, Բեռլինում լրագրողներին հայտարարել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ինչ վերաբերում է Հայաստանին, կցանկանայի հիշեցնել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, իսկ Հայաստանը՝ ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերը: Այսօր Գերմանիայի խորհրդարանում տեղի ունեցած քվերակության հարցում ՆԱՏՕ-ն ներգրավված չէ: Հուսով եմ, որ մենք որքան հնարավոր է շուտ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ականատես կդառնանք: Կարևոր է, որ մենք բոլորս մասնակցենք երկրների միջև լարվածության թուլացմանն ուղղված ջանքերին՚,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Նշենք, որ Գերմանիայի Բունդեսթագն այսօր կայացած քննարկումների արդյունքում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Բանաձևում ընդունվում է ոչ միայն 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը, այլ նաև՝ Գերմանիայի պատասխանատվությունն այդ իրադարձությունների համար: