Եվրախորհրդարանի անդամ. Ես հանդես եմ գալիս Արցախի անկախության ճանաչման օգտին
Ցեղասպանության կրկնությունից խուսափելու համար միջազգային հանրությունը պետք է աջակցի Արցախին: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը՝ ելույթ ունենալով ՙԸնդդեմ ցեղասպանության հանցագործության՚ երկրորդ գլոբալ ֆորումի ժամանակ:
ՙԵս հանդես եմ գալիս Արցախի անկախության ճանաչման օգտին, քանի որ լավ եմ տեսնում Ստեփանակերտի և Բաքվի տարբերությունը: Եթե Ստեփանակերտում քննադատում ես իշխանությանը, կարող ես հայտնվել խորհրդարանում, իսկ Բաքվում դա երբեք չի լինի, կարող ես բոլորովին այլ վայրում հայտնվել՚,- նշել է նա:
Ըստ որում, պատգամավորն ավելացրել է, որ Ադրբեջանում հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը գնահատական է տալիս այդ երկրի հասարակությանը և իշխանություններին: ՙՈչ ոքի համար գաղտնիք չէ փաստը, թե ապրիլի սկզբին ով ագրեսիա սկսեց Ղարաբաղում: Սկսեց նա, ով շահագրգռված է դրանում, ով հանդես է գալիս ագրեսիվ դիրքերից, ով պատերազմ սկսեց ավելի քան 20 տարի առաջ և ունեցավ տարածքային կորուստներ՚,- նշել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով, ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Կասպից ծովի ափին ապրող որոշ մարդիկ երազում են Արցախում նոր ցեղասպանության մասին, ինչի կանխման համար միջազգային հանրությունը պետք է սատարի Լեռնային Ղարաբաղին: ՙՆրանք իրենց ցանկության իրագործման միջոց են փնտրում, մենք չպետք է շանս տանք նրանց՚,- ընդգծել է նա: