Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան
Արմինֆո.Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան՝ վիճարկելու Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքի վերաբերյալ: Այդ մասին ասվում է փաստաբանների հայտարարության մեջ:
Մայրապետյանի փաստաբանների երկրորդ միջնորդությունը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին նույնպես մերժվել է: Հայտարարությունում նաև նշվում է, որ ևս մեկ անգամ դատախազությունը մերժեց հայտնի մտավորականների մի մեծ խմբի անձնական երաշխավորություններն առ այն, որ Սամվել Մայրապետյանը չի թաքնվի և չի խոչընդոտի նախաքննությանը՝ գտնվելով ազատության մեջ: Ներպետական բոլոր միջոցները սպառելուց հետո Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Նշենք, որ գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար: